Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հիմա առավել, քան երբևէ, կարևոր է ձեռնամուխ լինել Զինված ուժերում դեռևս ծառայող, վերջերս զորացրված՝ պատերազմի մասնակից երիտասարդների ֆիզիկական ու հոգևոր առողջության վերականգնման խնդրի լուծմանը». Կարին Տոնոյան

Մայիս 04,2021 17:27

Մայիսի 3-ին տեղի ունեցավ «5165» շարժման առողջապահության հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին շուրջ 100 բուժաշխատողներ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններից։  Հանդիպման նպատակն էր առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին ներկայացնել շարժման գաղափարները, նպատակները և ծրագրերը, մասնագիտական հանրության հետ քննարկել առողջապահության առկա վիճակն ու հնարավոր լուծումները։

Բուժաշխատողներին բացման խոսքով ողջունեց «5165» շարժման առաջնորդ, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության ղեկավար Կարին Տոնոյանը, որն անդրադառնալով հետպատերազմյան շրջանի առողջապահական խնդիրներին՝ մասնավորաբար նշեց․ «Հիմա առավել, քան երբևէ, կարևոր է ձեռնամուխ լինել Զինված ուժերում դեռևս ծառայող, վերջերս զորացրված պատերազմի մասնակից հայ երիտասարդների ֆիզիկական ու հոգևոր առողջության վերականգնման խնդրի լուծմանը»։


Կարին Տոնոյանը խոսեց նաև նախադպրոցական տարիքի երեխաների հոգևոր ու մտավոր առողջության մասին՝ նշելով, որ երեխաների առողջությունը պետք է գտնվի պետության ամենաուղիղ ուշադրության կենտրոնում։ Հետագայում, արդեն զորակոչային տարիքում, պետությունն ունենում է առողջ ու ֆիզիկապես ամուր սերունդ, որը պատրաստ է ծառայության անցնել ազգային բանակում՝ առանց մեր օրերում հաճախ հանդիպող առողջական խնդիրների։

Կարևորելով հասարակական առողջության վերականգնման և ամրապնդման խնդիրը՝ հանդիպման մասնակիցները առանձնակի ուշադրություն դարձրեցին բնակչության առողջության ապահովման գործում պետական հոգածության առաջնահերթությանը:

«Հարկավոր է հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է առողջացնել մեր սերունդներին թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից», – ելույթում նշեց Կարին Տոնոյանը:

Դիմելով գործընկերներին՝ «5165» շարժման համահիմնադիր,  Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, բժիշկ Գևորգ Թամամյանը ասաց․ «Այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մեր գործը թողած պետք է մտածենք նաև պետության անվտանգության ու ապահով ապագայի մասին։ Բժիշկներն իրենց անգնահատելի ծառայությունն են մատուցում հանրությանը, կյանքեր փրկում, բայց դրան զուգահեռ հետևում են, թե ինչպես է երկիրը մեր աչքի առաջ մարում, իսկ մենք ոչինչ չենք անում։ Մենք առողջացնում ենք մարդկանց, մեր հայրենակիցներին, գուցե ժամանա՞կն է առողջացնել նաև պետությունը»,- նշեց Գևորգ Թամամյանը:


Հավելենք, որ «5165» շարժումն արդեն իսկ նախաձեռնել է մասնագիտական այլ հանձնաժողովների ձևավորման գործընթաց ևս։ Այսօր՝ ժամը 18։00-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա շարժման տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը կվարի շարժման համահիմնադիր, տնտեսագետ Աշոտ Պետրոսյանը։ Ոլորտի մասնագետները կարող են միանալ մասնագիտական քննարկմանն ու իրենց նպաստը բերել շարժման տնտեսական բաղադրիչի կայացմանը։

«5165» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31