Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. Մի ընտրական գործընթաց, որը հակասահմանադրական հիմքերի վրա է, կտանի նոր խռովությունների եւ ընտրությունների ժամանակ հասարակական լարումների

Մայիս 04,2021 17:11

«Չի կարելի մեր երկիրը եւ հասարակությունը ենթարկել ծաղրի: Ի՞նչ է նշանակում կիրակի վարչապետը հրաժարական տա, երկուշաբթի նրան առաջադրեն վարչապետի թեկնածու, մեկ շաբաթ հետո չընտրել նրան. խեղկատակություն է սա: ՀՀ ոչ մի արժանապատիվ քաղաքացի չպետք է թույլ տա, որ մեր երկրի հետ նման կերպ վարվեն, ի՞նչ ընտրության մասին է խոսքը, պետք է լինի միայն մի ընտրություն՝ վարչապետի ընտրություն եւ սա պառլամենտի պարտականությունն է»,-այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա կառավարության շենքի մոտ էր եկել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով: Նիկոլ Փաշինյանին հանդիպման Էդգար Ղազարյանը երեկ էր հրավիրել, որպեսզի հանրայնորեն քննարկեն վերջինիս գործունեության սահմանադրականության հարցը։

Ավելի վաղ Էդգար Ղազարյանը մանրամասն ներկայացրել էր արտահերթ ընտրությունների մասին քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հակասահմանադրականության հիմքերը: Այսօր նա վերահաստատեց իր կարծիքն`ասելով, որ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո, երբ նախագահն այն ընդունում է, արդյունքում ընդունում է նաեւ կառավարության հրաժարականը, ուստի Նիկոլ Փաշինյանն այլեւս վարչապետի պաշտոնում լինելու որեւէ իրավունք չունի. «Եվ Սահմանադրության այն դրույթը, որով սահմանվում է, որ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, հասկանալիորեն վերաբերվում է կառավարության մյուս բոլոր անդամներին, որոնք հրաժարական չեն ներկայացրել: Մենք տեսանք ցավալի իրողություն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները, ներկայացել է կառավարության շենք, կայացրել է իր լիազորություններից բխող որոշումներ, նշանակումներ է կատարել, ինչը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսեւորում է»:

Երեկ խորհրդարանում տեղի ունեցած վարչապետի ընտրությունը, Էդգար Ղազարյանի գնահատմամբ, թարմացրել է անօրինությունների շարքը, երբ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն «կողմ» էր քվեարկել միայն մեկ պատգամավոր: Էդգար Ղազարյանի գնահատմամբ, եթե խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը դեմ է վարչապետի թեկնածուին, ընդամենը մեկ անձ է քվեարկում, նշանակում է, որ կառավարության շենք մտնելը նրա մտքով չպետք է անցնի:

Էդգար Ղազարյանի եզրահանգմամբ, մենք այսօր չունենք վարչապետ եւ այդ համատեքստում առավել կարեւոր են դառնում Նիկոլ Փաշինյանի գործողություններն իբրեւ քաղաքական գործիչ: Այդ համատեքստում, նա հանցավոր է համարում ԲՀԿ եւ ԼՀԿ նախագահներ Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածությունը` վարչապետի ընտրությունները խորհրդարանում տապալելու եւ 2018-ին, ըստ միջազգային կազմակերպությունների եւ տարբեր դիտորդական առաքելությունների գնահատականներով, կայացած ազատ եւ ժողովրդավար ընտրությունների արդյունքում ձեւավորած խորհրդարանի լուծարումը: Այդ պայմանավորվածությամբ, ըստ Էդգար Ղազարյանի, Հայաստանում տապալվում է ժողովրդի իշխանությունը, մինչդեռ ՀՀ Սահմանադրության համաձայն, օրինական ընտրություններով ընտրված խորհրդարանը պետք է հինգ տարի պաշտոնավարի: Իսկ վարչապետն իրավունք ունի հրաժարական տալ, ինչից հետո խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրի եւ նոր վարչապետ ընտրելն, ըստ նրա, այժմ վարչապետի պարտականությունն է:

Իբրեւ քաղաքացի եւ քաղաքական հավակնություններ չունեցող անձ, Էդգար Ղազարյանը պահանջում է, որպեսզի ցանկացած անձ իրավական եւ բարոյական տեսանկյունից բացատրություններ տա իր ցանկացած քայլի համար:

Էդգար Ղազարյանի կարծիքով, այս հակասահմանադրական իրավիճակը փոխելու եւ արտահերթ ընտրությունները կանխելու համար մենք ունենք վեց օր ժամանակ:

Դիտարկմանը`որ այս բանավոր պայմանավորվածությունները խռովությունները կանխելու համար են, Էդգար Ղազարյանը հակադարձեց, որ մի ընտրական գործընթաց, որը հակասահմանադրական հիմքերի վրա է, կտանի նոր խռովությունների եւ ընտրությունների ժամանակ հասարակական լարումների, ընդհուպ մինչեւ արյունահեղությունների:

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քաղաքական պայմանավորվածությունները խախտելու պարագայում «Իմ քայլը» նորից իրեն կընտրի վարչապետ եւ որեւէ փոփոխություն տեղի չի ունենա: Էդգար Ղազարյանը համարում է, որ իր այդ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ցուցմունք է տվել`գործադիր իշխանության ղեկավար լինելով օրենսդիր իշխանության վրա բացարձակ իշխանություն ունենալու մասին, ինչը անօրինականություն է:

«Իրենց պետք է հեռացնել այս իշխանությունից, մեր շունչը բացվի եւ գնանք առաջ»,- ասաց Էդգար Ղազարյանը` հորդորելով բոլորին կոնկրետ գործողություններ անել, քանի որ ոչինչ չանելը վտանգավոր է:

Վաղն առավոտյան 10.00-ին Էդգար Ղազարյանն իր քաղաքացիական ակցիան կիրականացնի նախագահի նստավայրի մոտ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31