Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչել Արցախի էթնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. բաց նամակ ՄԱԿ-ին

Մայիս 04,2021 17:00

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո ավելի մեծ թափ է ստացել: Դա են վկայում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջերս Բաքվում բացված Ռազմավարի պուրակը, որտեղ ցուցադրվում են պատերազմի ժամանակ հայկական կողմից որպես ավար վերցված ռազմական տեխնիկա և հայ զինվորների մանեկեններ: Սա պատերազմում զոհվածների հիշատակն անարգելու, անհայտ կորածներին ու գերիներին հրապարակայնորեն նսեմացնելու նպատակ է հետապնդում, որով ոտնահարվում են նաև նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:

Այս հարցերի առնչությամբ «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, Միացյալ Թագավորության հայկական համայնքի խորհրդի ղեկավար Արմանդ Աբրահամյանը, Բրիտանահայ մարդասիրական խմբի անդամներ դ-ր Մարկը և տիկին Սեյմուրը, Հայկական տեղեկատվության և խորհրդատվության կենտրոնի (CAIA) ղեկավար Միսակ Օհանյանը, Թեքեյան մշակութային միության (Լոնդոնի մասնաճյուղ) նախագահ դ-ր Կարեն Արևյանը հանդես են եկել բաց նամակով` ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Մանուել դի Օլիվեյրա Գուտեռեշին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար դ-ր Միշել Բաչելետին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեչաչիին, Amnesty International ՀԿ-ի գլխավոր քարտուղար դ-ր Ագնես Կալամարդին և Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթին:

Նամակում մասնավորապես անդրադարձ է կատարվում Ադրբեջանի նախագահի գրասենյակի կողմից այս ամսվա սկզբին հրապարակված լուսանկարներին, որոնցում Ալիևը զինվորական համազգեստով քայլում է նորաբաց Ռազմավարի պուրակում` զոհված հայ զինվորների սաղավարտների կույտի կողքով:

Այդ լուսանկարները լայնորեն քննարկվեցին սոցիալական ցանցերում և միջազգային լրատվամիջոցներում:

Ալիևը Կովկասում միակ առաջնորդն է, ով ավելի ու ավելի հաճախ է հայտնվում ռազմական համազգեստով՝ հիշեցնելով ժամանակակից տխրահռչակ բռնակալներից մի քանիսին: Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի (AEI) ռեզիդենտ գիտնական Մայքլ Ռուբինը իր` վերջերս հրապարակած հոդվածում նախազգուշացնում է. «Ադրբեջանի Իլհամ Ալիևը նոր Սադդամ Հուսեյի՞ն է»:

Նախագահ Ալիևը, երկու տասնամյակ առաջ երկիրը ժառանգելով իր հայր Հեյդար Ալիևից, հետևողական է եղել հակահայ քարոզչություն վարելու հարցում: Հարևան երկրի նկատմամբ ատելության մոլուցքը սանձազերծված էր դեռ մեկ տասնամյակ առաջ:

Դեռևս 2014-ին Ալիևը Թվիթեր սոցիալական հարթակում հայտարարում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը համակարգված ձևով աշխատում են աշխարհում «Հայոց ցեղասպանության» առասպելը ցրելու համար:

Ալիևի` հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության հանրային ցույցերն էլ ավելի սրվեցին 2020-ի Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ Ադրբեջանը հաղթանակ տարավ Թուրքիայի ռազմական աջակցությամբ և ավելի քան 4000 վարձկանների անմիջական ներգրավմամբ Սիրիայից, Պակիստանից և Աֆղանստանից: Իր հրապարակային ելույթներում Ալիևը հայերին անվանում է «շներ», «առնետներ» կամ «վնասատուներ»:

Հայաֆոբիան նպատակաուղղված չէ միայն ժողովրդին շեղել երկրի ներսում առկա ամբողջատիրական ռեժիմի ճգնաժամից, այլ նաև «կերակրում է» ադրբեջանական ազգայնականությունը:

Ադրբեջանական քարոզչական արշավները հասել են նույնիսկ Լոնդոնի գետնանցումներ և արգելափակվել են Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի ջանքերով:

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված «հաղթանակի շքերթի» ժամանակ, որին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի որոշ հատվածներ ՝ Զանգեզուրը, Սևանա լիճը և Հայաստանի մայրաքաղաք Երևանը, պատմականորեն ադրբեջանական հողեր են: Իսկ Թուրքիայի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության ոճրագործներից մեկին` Էնվեր փաշային, և ավելացրեց, որ ղարաբաղյան պատերազմը միայն սկիզբն էր, և պայքարը շարունակվում է այլ ճակատներում:

Ադրբեջանի ժողովրդի մեջ հակահայ քաղաքականության, հայատյացության արմատավորման վերջին ակորդը, սակայն, ս/թ ապրիլի 12-ին Բաքվում բացված Ռազմավարի պուրակն է:

Նամակը հղած անձինք պուրակն անվանում են Ալիևի Դիսնեյլենդի տարբերակ, որն ավելի շատ նման է նացիստական ճամբարի, որտեղ նորօրյա «Օսվենցիմ»-ն առաջարկում է անվճար մուտք ադրբեջանցի երեխաների համար: Ըստ The Times of Israel-ի՝ սա «Հոլոքոստի սարսափների արձագանքն է»:

Բաց նամակի հեղինակները, ողջունելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի` 2021 թ. ապրիլի 20-ի ռազմավարի պուրակին վերաբերող նամակը Իլհամ Ալիևին, կարծում են, որ այն բավարար չէ: Էթնիկ և ռասայական այս խայտառակ խտրականությունը պետք է անհապաղ արգելվի միջազգային կազմակերպությունների կողմից:

ՀՀ մարդու իրավունքի պաշտպան Արման Թաթոյանը նույնպես դատապարտեց Ռազմավարի պուրակի բացումը` այն անվանելով «ֆաշիզմի հստակ դրսևորում»:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, եվրոպացի պատվիրակներին ցույց տալով Ալիևի սարսափի այգու սահմռկեցուցիչ լուսանկարները, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այդ ամենը տեղի է ունենում ԵԽԽՎ անդամ երկրում, որը պահում է ավելի քան 200 հայ ռազմագերիներ, և այդ լուսանկարները անցյալի լուսանկարներ չեն, այլ ներկայի, քանի որ Ադրբեջանը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և նվաստացնելը` որպես ռազմագերիներ: Էդմոն Մարուքյանն ավելացրեց, որ այդ գործողությամբ Ալիևը համալրում է այնպիսի բռնապետերի ցուցակը, ինչպիսիք են Հիտլերը կամ Սադդամ Հուսեյինը, ով 1980-ականների վերջին շուրջ 5000 սպանված իրանցի զինվորների սաղավարտներով հուշակոթող պատրաստեց` այն անվանելով «հաղթական աղեղ»:

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հինգ ամիս անց Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել ավելի քան 200 գերիների, որոնցից շատերը սպանվել են գերության մեջ: Նրանցից մեկը 18-ամյա Էրիկ Մխիթարյանն էր, որի աճյունը հայտնաբերվել և նույնացվել է ԴՆԹ հետազոտությունից հետո ապրիլի սկզբին: Երբ անցած տարվա նոյեմբեր ամսին ադրբեջանցի զինծառայողների կողմից տարածած տեսանյութերից հայտնի էր դարձել Էրիկի գերության մեջ հայտնվելու փաստը, ի թիվս հարյուրավոր այլ զոհերի գործերի, Էրիկի գործով ՄԻԵԴ էր դիմել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Այս դեպքը հաստատում է, որ Ալիևի կառավարման ընթացքում հայ ռազմագերիների իրական թիվն այդպես էլ կարող է անհայտ մնալ:

Ալիևի ամբողջատիրական ռեժիմն ապացուցել է, որ վտանգում է բնիկ հայերի գոյությունն Արցախում, ինչպես նաև սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանության ու տարածաշրջանի անվտանգության համար:

Բաց նամակը հղած անձինք հորդորում են համաշխարհային առաջնորդներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ գործել.

• ստիպել Ադրբեջանին ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց,

• պարտադրել փակել Բաքվում Ալիևի` ֆաշիստական ոճի նեոնացիստական ճամբարը, որն անպատվում է պատերազմի զոհերի հիշատակը և ծաղրում ամբողջ հայ ժողովրդին,

• դատապարտել նախագահ Ալիևին` ատելության շարունակական քարոզչության համար, որը հիմնված է բացառապես էթնիկ պատկանելության վրա՝ հրահրելով տարածաշրջանում հետագա զինված հակամարտությունների հավանականությունը,

• ճանաչել Արցախի էթնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, առանց որի նրանց գոյությունը վտանգված է:

«Իրավական ուղի» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31