Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը բերում է նոր հանցագործությունների և վայրագության. Ռումինիայում ՀՀ դեսպան

Մայիս 04,2021 16:44

Ապրիլի 30-ին Defense Romania մասնագիտական ռազմաքաղաքական գործակալությունը հրապարակել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույցը, որտեղ դեսպանն անդրադառնում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի քաղաքական ու հումանիտար հետևանքներին, Հայոց ցեղասպանության ճանաչման կանխարգելիչ նշանակությանն ու մի շարք այլ հարցերի։

Ռումինիայում Հայաստանի դեսպան. Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Թուրքիան Եվրոպայում «իսլամական ահաբեկիչների» է տեղակայել

Հարց. Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ստորագրումից անցել է ավելի քան կես տարի: Ի՞նչպիսին են դրա հետևանքները և հեռանկարները տարածաշրջանում:

Սերգեյ Մինասյան․ Հիրավի, 2020թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանագրի ստորագրումից անցել է մոտ վեց ամիս, սակայն Թուրքիայի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայի աշխարհաքաղաքական և հումանիտար հետևանքները շարունակում են մնալ արդիական: Թեև, ստորագրված զինադադարի համաձայն, հակամարտության գոտում տեղակայվել են Ռուսաստանի խաղաղապահ զորքերը, և ռազմական ակտիվությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զգալիորեն նվազել է, ընդհանուր ֆոնը դեռ լարված է:

Իրավիճակը գնալով բարդանում է այն պատճառով, որ, հատկապես վերջերս, ավելի հաճախակի են դարձել Ադրբեջանի ղեկավարության ուղղակի սպառնալիքներն՝ այս անգամ ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Փաստորեն, քանի որ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան չի դատապարտվել միջազգային հանրության կողմից, այս պետության ղեկավարությունը, վերջերս, սկսել է նաև տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի հարավային շրջանների առումով, մասնավորապես, Սյունիքի մարզի, որը սահմանակից է Նախիջևանին և Իրանին: Մեզ անհանգստացնում է նաև Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Խոսքն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այպես էլ մի շարք սահմանամերձ շրջանների տասնյակ հազարավոր բնակիչների մասին է, որոնք ռազմական գործողությունների արդյունքում դարձել են փախստականներ՝ զրկված իրենց բնակարաններից, գույքից ու աշխատանքից:

Մեկ այլ հումանիտար խնդիր, որն այժմ շատ արդիական է՝ ռազմագերիների վերադարձն է: Չնայած այն հանգամանքին, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի փաստաթղթի համաձայն կողմերը միմյանց հետ պետք է փոխանակեին ռազմագերիներին՝ պահպանելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են դա անել, և մեծ թվով հայ ռազմագերիներ շարունակում են մնալ գերության մեջ՝ չնայած միջազգային հանրության կոչերին: Հատկանշական է, որ Հայաստանն ազատ է արձակել բոլոր ադրբեջանցի գերիներին, ներառյալ նրանց, ովքեր դատապարտված են եղել Լեռնային Ղարաբաղի դեռևս պատերազմից առաջ՝ էթնիկական և ռասայական ատելության հողի վրա անչափահաս սպանելու պատճառով:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են այդ հարցում համագործակցել Միջազգային Կարմիր խաչի հետ և թույլ չեն տալիս նրա ներկայացուցիչներին մուտք գործել հայ ռազմագերիների պահման վայրեր:

Կան հստակ ու անհերքելի ապացույցներ հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների և սպանությունների մասին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է:

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, մի շարք քաղաքական և կրոնական առաջնորդներ բազմաթիվ երկրներում դատապարտել են այդ գործողությունները՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վերջերս հրապարակել է հատուկ զեկույց հայ ռազմագերիների իրավիճակի վերաբերյալ: Միջազգային հանրության մեկ այլ՝ վերջին, արձագանքն եղավ այս տարվա ապրիլի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած հայտարարությունը, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Նույն համատեքստում, ապրիլի 28-ին ԵԽ նախարարների խորհրդում հրապարակվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում բանտարկվածների մասին» ԵՄ հայտարարությունը:

Հարց. Ապրիլի կեսերին Ադրբեջանի նախագահը ներկա գտնվեց Լեռնային Ղարաբաղում պատերազմին նվիրված «այգու» բացմանը: Այս իրադարձությունը լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլում: Ինչպե՞ս եք դա բացատրում:

Սերգեյ Մինասյան․ Ապրիլի 12-ին նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեց «ատելության պարկի» բացմանը, որտեղ լուսանկարվելու նպատակով կեցվածք էր ընդունել ցուցադրվող իրերի, այդ թվում՝ մարտերում զոհված հայ զինվորների սաղավարտների առջև: Ինչպես սպասվում էր, այս ժեստը միջազգային հանրության կողմից քննադատական արձագանք առաջացրեց ոչ միայն այս ժեստի բավականին պարզունակ տրամաբանության պատճառով, այլև ավելին, որ այն միայն խորացնում է հայատյացության, այլատյացության և ռասիզմի տարրերի դրսևորումը Ադրբեջանի հասարակության մեջ, ներառյալ անչափահասների շրջանում:

Այս համատեքստում, այս կամ այն կերպ արդարացնելու կամ միջազգային հանրության կողմից արդեն իսկ կոշտ քննադատության ենթարկված Ադրբեջանի պետական ղեկավարության գործողությունների այս ընթացքը «ռացիոնալացնելու» ցանկացած փորձ ոչ միայն անհասկանալի է, այլև՝ իր հերթին արժանի դատապարտման, քանի որ այն արդեն այլատյացության և անհանդուրժողականության արդարացում է:

Ցավոք, վերջերս ռումինական մամուլում հանդիպել եմ այս ոգով գրված որոշ հոդվածներ, ինչը բարոյական մարտահրավեր է ինչպես այս երկրի հայ համայնքի, այնպես էլ ողջ ռումինացի հասարակության համար, որը միշտ հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերել և հարգում է մարդու հիմնարար իրավունքները:

Հարց. Ի՞նչ դեր ունի Թուրքիան այս հակամարտությունում: Եվ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ նախագահ Բայդենի վերջերս արված հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Սերգեյ Մինասյան․ Անցյալ տարվա աշնանը մենք կրկին հայտնվեցինք մի իրավիճակում, երբ Թուրքիան, ինչպես Մերձավոր Արևելքի պարագայում, օգտագործելով միջազգային ահաբեկիչների, ստեղծեց աննախադեպ մի իրավիճակ. ԵՄ գործընկեր երկիրը Եվրոպայի քաղաքական տարածքում տեղակայեց իսլամական ահաբեկիչների: Փաստորեն, Արևելյան գործընկերության անդամ պետությունը՝ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, օգտագործեց այդ վարձկաններին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի, այլ նաև Արևելյան գործընկերության մեկ այլ անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության դեմ:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծված ռազմական գործողությունները, որոնց սատարում էր Թուրքիան՝ ցուցաբերելով տեխնիկական և ռազմական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով խորհրդատուներ և մասնագետներ, ուղեկցվեցին միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներով և ռազմական հանցագործություններով, ինչպիսիք են էթնիկ զտումները և տեղահանումները:

Մենք կրկին բախվեցինք մի վերաբերմունքի՝ համանման նրան, որ ավելի քան 100 տարի առաջ էր, և որն այն ժամանակ Թուրքիայի ղեկավարությունը վարում էր Օսմանյան կայսրությունում և Հարավային Կովկասի հարակից շրջաններում ապրող հայ բնակչության նկատմամբ:

Այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, դրա ճանաչման անշրջելի գործընթացը նոր խթան ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, ով Հայոց ցեղասպանության ոգեկոչման հենց նույն օրը, շատ հստակ սահմանեց քսաներորդ դարի սկզբին ցեղասպանության նման հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը դեռ 2019թ. էին ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր:

Միանգամայն պարզ է, որ նախագահ Բայդենի ուղերձը շատ լավ ընդունվեց և ողջունվեց, այդ թվում՝ Ռումինիայում տարբեր ոլորտների գործիչների կողմից, ովքեր պնդում էին, որ այս հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ այլ պետությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, քանի որ, որպես Հայաստանի ղեկավարներ, պետությունը բազմիցս նշել է. մենք բոլորս ականատես ենք, որ թուրքական պետության ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը բերում է նոր հանցագործությունների և վայրագության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31