Մի քանի օրից ՄԻԵԴ-ից հերթական վճիռը կլինի ընդդեմ ՀՀ-ի: Այս մասին այսօր դատարանում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Խոսքը 2008-ին հավաքներ անցկացնելու սահմանափակումների գործի մասին է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր քննվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մամուլի ասուլիսում մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի պնդումը, որը ՊՆ 0038 հայտնի հրամանը նախագահին «զեկուցելու» ընթացակարգ չի եղել, եւ Ռոբերտ Քոչարյանը դրանից տեղյակ չի եղել եւ նպատակ է ունեցել միայն կանխել բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին, նշել էր. «Սպասեք մեղադրանքի հրապարակմանը: Երբ մանրամասները տեսնեք, Ռոբերտ Քոչարյանը կսսկվի, իր թիմը՝ եւս: Այն, ինչ հրապարակվելու է դատարանում, բոլորիդ համար լինելու է նորություն»: Նաեւ նշել էր. «Նա ոչ միայն իմացել է, այլեւ նախապես է իմացել: Միայն այդ 0038 հրամանը չի: Մոտ հազար բարձրաստիճան պաշտոնյաներ՝ բանակի եւ այլն, մասնակցել են, կազմակերպված խմբեր են եղել»:
Արամ Մանուկյանն այսօր դատարանին հորդորեց`նայել իր եւ Ռոբերտ Քոչարյանի ելույթները, ապա երկուսի եկամուտների մասին հայտարարագրերը`20-30 տարվա կտրվածքով, որպեսզի հասկանալի լինի, թե ով ում է դատի տալիս: Արամ Մանուկյանը դատարանում երկու ժամից ավելի ելույթ ունեցավ` ներկայացնելով իր դիրքորոշումը հայցի հիմքի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանի «գողացած փողերի» վերաբերյալ իր հայտարարության իբրեւ ապացույց, Արամ Մանուկյանը վկայակոչեց ռուսական տարբեր կայքեր, հայկական մամուլը, որտեղ ժամանակին տպագրվել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող սեփականության ցանկը: Ներկայացնելուց հետո Արամ Մանուկյանը դատարանին հարց ուղղեց`լինելով պետական չինովնիկ, ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը ձեռք բերել այս ամենը, նաեւ հարցրեց`իրավունք ունի՞ ինքը ենթադրել, որ գողացել է:
Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող նյութ, որտեղ ակնառու երեւում են այն «զռռացող հանցագործությունները», որոնք մեր հասարակությանը բերեցին չարքաշությունների եւ կորուստների: Ըստ այդմ, կեղծ տեղեկանքի եւ ապօրինի ընտրությունների միջոցով Ռոբերտ Քոչարյանը «բազմեց նախագահի աթոռին», 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով ամրապնդեց իր իշխանությունը, պարտակեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը եւ տասնյակ այլ սպանություններ, ոչնչացրեց օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը, ստեղծեց քրեական աշխարհի հասկացողություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ, կեղծեց իր օրոք բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն, Հայաստանը քաղաքական եւ տնտեսական լիակատար մեկուսացման ենթարկվեց, ողջ պետական գույքը եւ պահուստային տարածքներն իր մերձավորներին վաճառեց էժան գներով եւ այլն:
Դատարանը հորդորեց`խոսել վեց կետից ներկայացված հայցի հիմքի մասին, ոչ թե այլ փաստարկներ ներկայացնել: Արամ Մանուկյանն ասաց, եթե այդ վեց կետը համարվում է վիրավորանք, ինքը ներկայացնում այն դաշտը, որտեղ հանցագործությունները համատարած եւ համակարգված են, պետականորեն կազմակերպված`հավելելով, որ 20 տարի ինքը եւ այլք խոսել են այն ամենի մասին, ինչի առիթով հիմա դատական վեճ է առաջացել:
Հայցվորի ներկայացուցիչն էլ դատարանին հորդորեց`ընդհատել պատասխանողին, քանի որ այդ ամենը քննվող գործի հետ առնչություն չունի ու նախընտրական քարոզարշավի տպավորություն է թողնում: Դատավորը պարզաբանեց, որ դրանք պատասխանողի հիմնավորումներն են եւ ինքն իրավունք չունի ընդհատելու: Այնուհանդերձ, նախագահող դատավորն ասաց, որ մասամբ կիսում է հայցվորի ներկայացուցչի դիրքորոշումը եւ պատասխանողին հորդորեց`խոսել հակիրճ եւ ըստ էության:
Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանի հորդորը որակեց կանխակալ եւ կարծիք հայտնեց, որ այն ուրվագծում է նաեւ վերջնական որոշումը:
Դատարանը կողմերին սաստեց` նկատելով, որ սա ոչ թե դատ է, այլ մրցակցության է վերածվում, թե ով ում ավելի պատկերավոր կպատասխանի եւ հորդորեց ավելի զուսպ լինել, մնալ դատավարության շրջանակներում ու թույլ տալ դատավարությունն ավարտել:
Այս վեճը հետագայում ևս շարունակվեց, Տիգրան Եգորյանը մեղադրեց դատարանին`մերկապարանոց հայտարարությունների մեջ`իր վստահորդի`դատավարական շրջանակներից դուրս գալու մասով: Նախագահող դատավորն էլ հայտարարեց, որ չի կասկածում Տիգրան Եգորյանի պրոֆեսիոնալիզմի մեջ, ինչը նրան հնարավորություն է տալիս հստակ պատկերացնել դատավարական ընթացակարգից շեղվելը:
Այս ամենից հետո Արամ Մանուկյանը մեջբերեց նաեւ Սիլվա Կապուտիկյանի, Շառլ Ազնավուրի գնահատականները Ռոբերտ Քոչարյանի մասին, հիշեցրեց Սիլվա Կապուտիկյանի կողմից պետական պարգեւի վերադարձը: Նա անդրադարձավ նաեւ հայցի`Հայաստանից մշակութային արժեքների արտահանման կետին, հավելելով, որ այդ հակասահմանադրական գործընթացն ինքն արձանագրել է, երբ ԱԺ մշակույթի հանձնաժողովի նախագահի եւ ԱՊՀ համանուն հանձնաժողովի նախագահը այդ գործընթացը հիմնավորել է բազմաթիվ օրենքներով: Նաեւ ներկայացրեց «Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հիմքերը», այլ գրքեր, սկավառակներ, որոնք իր գնահատմամբ, վերաբերվում են հայցի հիմքերի առոչինչ լինելուն:
Արամ Մանուկյանի ելույթի ընթացքում, հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ այդ ելույթով զրպարտչական գործողությունները շարունակվում են, ինչը կապ չունի իրավական գործընթացի եւ իր վստահորդի շահերի պաշտպանության հետ եւ լքեց դատարանի դահլիճը: Արամ Մանուկյանը սա գնահատեց իբրեւ «փաստերի նկատմամբ խեղճանալ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ