«Լրագրողները միտում են տեսնում, որ իրենց եւ իրենց բյուջեն սահմանափակելու նպատակ կա։ Փարատեմ բոլորիդ մտահոգությունները։ Դաշտը կարգավորման կարիք ունի, որը ժամային վերահսկողության մեջ է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:
Նախագիծը հարուցել է մի շարք ԶԼՄ ներկայացուցիչների զայրույթը, որոնք վստահեցնում են՝ լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ:
«Առաջարկվող կարգավորումները կապահովեն տարիքային սահմանափակման խնդիրները։ ԶԼՄ-ները նշում են, որ բյուջեի վրա կազդի այս ամենը։ Նման ռիսկ չենք տեսնում, որովհետեւ համացանցում գովազդ իրականացնողները վերջին տարիներին շատ են ավելացրել գովազդային հնարավորությունները։ Գովազդային դաշտը շատ ակտիվ է օգտագործվում»,-նշեց փոխնախարարը։
Կարդացեք նաև
Օրինագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ համոզմունք հայտնեց, որ պետք չէ առաջնորդվել առանձին խմբերի, օրինակ՝ ԶԼՄ-ների կամ բուքմեյքերական ընկերությունների շահերով․ «Այո, սահմանափակումներ կան, որոնք գուցե շատ փոքր ազդեցություն ունենան լրատվական դաշտի կամ բուքմեյքերական ընկերությունների վրա։ Կարծում եմ՝ սրանով մեծ խնդիր չենք ստեղծում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ