Լրահոս
Օրվա լրահոսը

«Յանդեքս»-ը՝ ի պատասխան վանաձորցի վարորդների դժգոհությանը. «Եթե մենք գնանք նման փոփոխության, կկորցնենք պատվերների մեծ մասնաբաժին»

Մայիս 04,2021 15:44

Ինչպես երեկ Aravot.am-ը տեղեկացրել էր, «Յանդեքս» տաքսի ընկերության վարորդները Վանաձորում գործադուլ էին անում: Նրանք նշում էին, որ «Յանդեքսը» բարձրացրել է վարորդներից ընկերությանը տրվող տոկոսադրույքը՝ 10 տոկոսից դարձնելով 12 տոկոս, սակայն երթուղու նվազագույն սակագինը մնացել է նույնը՝ 300 դրամ:

Մեզ հետ զրույցում «Յանդեքս» տաքսի ընկերության տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը տեղեկացրեց, որ «Յանդեքս»-ը Հայաստանում գործունություն է իրականացնում գործընկերների միջնորդությամբ: Եվ տոկոսադրույքի բարձրացում ընկերությունն ունենում է յուրաքանչյուր տարի, գրեթե բոլոր երկրներում, որն ուղղված է ծառայության բարելավմանը. «Հաշվի առնելով, որ անցյալ տարի երկրում համավարակ էր, դրանից հետո էլ պատերազմ, մենք կարողացանք դա հետաձգել մոտ 2 տարով եւ փոփոխությունը չարեցինք: Հիմա տոկոսադրույքը, որը բարձրացվել է, տեղի է ունեցել «Յանդեքսի» գործընկերների միջոցով: Այսինքն, «Յանդեքս»-ը չի բարձրացրել տոկոսադրույքը, այլ խորհրդակցելով իր գործընկերների հետ, իրենք բարձրացրել են միջնորդավճարը, որպեսզի մենք կարողանանք լրացուցիչ ծառայություններ մատուցել վարորդների համար»:

«Յանդեքս»-ը գործունեություն է իրականացնում Հայաստանի 17 քաղաքներում: Գասպարյանն ասում է, որ տոկոսադրույքը բարձրացվել է ինչպես մարզերում, այնպես էլ Երեւանում: Սակայն հաշվի առնելով, որ մայրաքաղաքում պատվերների քանակը տասնյակ անգամ ավելի է, քան Վանաձորում եւ մնացած այլ քաղաքներում, տարբերությունը վարորդները գրեթե չեն նկատում:

Նրա խոսքով՝ տարիֆի նվազագույնի բարձրացման խոսակցությունները մարզերում միշտ են արծարծվում. «Այս պահին մեր նվազագույն տարիֆը Վանաձորում 200 դրամ է, որի մեջ ներառված է 2 կմ երթուղի: Եթե մենք այն բարձրացնենք ինչ-որ չափով, ենթադրենք 100 դրամով, այն՝ ինչը հնչում է վարորդների կողմից, որպես առաջարկ, մենք պարտավոր ենք դրա մեջ ներառել 3 կմ: Մեր պատվերների վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մենք գնանք նման փոփոխության, կկորցնենք պատվերների մեծ մասնաբաժին: Այսինքն, եթե վարորդն այս պահին օրական անում է 20-30 պատվեր, այդ դեպքում ինքը կանի բավականին նվազ քանակով պատվերներ, ինչը կնվազեցնի իր եկամուտը: Այն՝ ինչին մենք չենք ձգտում, մենք ձգտում ենք, որ պատվերներ անի շատ եւ ավելի շատ եկամուտ ստանա: Մենք չենք կարող դիտարկել միայն մինիմալ տարիֆի բարձրացման սխեման, որպես վարորդի եկամուտների ավելացում: Մեր նպատակն է, որ վարորդը վաստակի ավելի շատ, բայց ունենանք նաեւ հստակ քանակի եւ աճող տեմպով պատվերների դինամիկա: Այս ուղղությամբ մենք մտածում ենք այլ սխեմաներ, որպեսզի վարորդն ավելի շատ եկամուտ ստանա, բայց պատվերների աճը չնվազի: 100 դրամով բարձրացնելու դեպքում մենք տեսնում ենք, որ իջնում է այդ դինամիկան»,- ասաց ընկերության տարածաշրջանային տնօրենը:

Նաեւ նշեց, որ չնայած այդ ամենին՝ այս պահին քննարկում են նաեւ 100 դրամով բարձրացնելու հարցը. «Չենք էլ բացառում այն տարբերակը, որ կբարձրացնենք 100 դրամով նվազագույն շեմը: Ամեն դեպքում՝ դա կապված է շուկայի կառուցվածքի հետ եւ հեշտ որոշում չէ նման քայլի գնալը: Հիմա մենք քննարկում ենք այդ տարբերակը եւ 1 ամսից կունենանք պատասխան՝ կբարձրանա՞ 100 դրամով, թե՝ ոչ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31