Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղինակավոր Archaeological Viva-ն անդրադարձել է Էրեբունի հնավայրին». Միքայել Բադալյան

Մայիս 04,2021 15:27

Իտալական հեղինակավոր Archaeological Viva ամսագրում 14 էջ հատկացվել է Էրեբունի հնավայրին: Aravot.am-ի հետ զրույցում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նշեց, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի համար չափազանց կարեւոր է իրենց աշխատանքի եւ թանգարանի միջազգային հանրահռչակումը: Նա հավելեց, որ այդ համատեքստում բավականին լուրջ կապեր են ստեղծվել Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի, Մոսկվայի Պուշկինյան թանգարանի, Գեղեցիկ արվեստների թանգարանի, Ավստրիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի UCLA համալսարանների գործընկերների, ֆրանսիացի եւ իտալացի մասնագետների հետ:

Այանիս հնավայրի (ուրարտական Էիդուրի լեռան առջևի Ռուսախինիլի) սուսի տաճարի մուտքի մոտ: Լուսանկարը` Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան էջից

«Մենք շատ սերտ համագործակցություն ենք սկսել նաեւ աշխարհահռչակ իտալացի հնագետ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Պիեռֆրանչեսկո Կալլիերիի հետ, որը 2020թ ձմռանն այցելել էր Հայաստան` նախքան համավարակի սկսվելը: Ես սիրով նրան հրավիրեցի Էրեբունի, որտեղ ծանոթացավ մեր թիմի կողմից իրականացված աշխատանքներին ու տպավորվեց: Հետո պարբերաբար կապի մեջ էինք իր հետ, պրոֆեսորն անընդհատ հետեւում էր Էրեբունուն:

Մի օր էլ մեզ ասաց, որ Իտալիայում կա մի հեղինակավոր ամսագիր` Archaeological Viva-ն, որը գիտահանրամատչելի ձեւով ներկայացնում է հնագիտությունը` աշխարհի տարբեր վայրերում, անդրադառնում է գլխավորապես իտալական հուշարձաններին: Պրոֆեսոր Պիեռֆրանչեսկո Կալլիերին ասաց, որ տեսնելով մեր աշխատանքը` կուզենար դրա գնահատումը տեսնել դրսում, եւ Էրեբունին լինելով շատ կարեւոր հնավայր` պետք է հանրահռչակվի: Նա կապվել էր ամսագրի խմբագրի հետ, ապա մենք ներկայացրել էինք, թե ինչպիսի նյութ ենք ուզում, լսել էինք նաեւ իտալական կողմի առաջարկները:

Մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել նրանց հետ մի քանի ամիս շարունակ` էլեկտրոնային նամակներով, նյութերի վրա աշխատելով: Նյութը գրում էինք անգլերեն, որը հետո իտալերեն էր թարգմանվում, բարձր որակի նկարներ էինք ուղարկում, նյութն անընդհատ խմբագրվում էր: Ի վերջո, նյութն իրենց դուր եկավ, նույնիսկ խնդրեցին ծավալն ավելացնել: Արդյունքում` այդ պարբերականում ունեցանք 14 էջ նյութ` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասին, ինչը մեծ ձեռքբերում եմ համարում: Ամսագրի մայիս-հունիս համարներում է նյութը զետեղված»,- տեղեկացրեց Միքայել Բադալյանը:

Հավելեց, որ աշխատանքը սկսել էին դեկտեմբերին` այն նպատակով, որ մայիսին համավարակը կսկսի նվազել եւ տեսնելով Էրեբունու մասին հոդվածը, իտալացի զբոսաշրջիկներ ցանկություն կունենան գալ Երեւան. «Այդպիսով, նրանք նախ տեղեկանում են մեր մայրաքաղաքի մասին, Էրեբունի հնավայրի մասին: Ինձ համար նաեւ կարեւոր էր այն, որ հոդվածի հետ զետեղվեց երկու լուսանկար մեր լուսանկարիչ Հարություն Ստեփանյանի լուսանկարներից, որն իր կյանքը զոհեց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ: Էրեբունու եւ Արարատի լուսանկարները յուրօրինակ խորհուրդ ունեին, քանի որ այդ կերպ կարծես Հարությունի գործը վերապրում էր»:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի խոսքով, իտալական պարբերականում տպագրված հոդվածը բավականին լավ արձագանք է ստացել Իտալիայում. «Ամսագրում նաեւ մեկ հատուկ սյունակով Էրեբունի թանգարանին անդրադարձ է կատարել պրոֆեսոր Պիեռֆրանչեսկո Կալլիերին: Նա նկարագրել էր իր տպավորությունները Էրեբունի թանգարանի մասին, իսկ ինքը այն հնագետներից է, ում կարծիքն աշխարհում կարեւորում են, քանի որ մեծ հեղինակություն ունի: Ես սա համարում եմ ոչ միայն մեր լավ աշխատանքի արդյունք եւ ձեռքբերում էրեբունու համար, այլեւ մեր ողջ երկրի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31