Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ՝ գործադուլ անելու նոր պայմաններ, նվազագույն աշխատավարձի այլ չափ

Մայիս 04,2021 15:13

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարել, եւ աշխատանքային հարաբերությունները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ինչը բխում է մեր երկրի ստանձնած պարտավորություններից։ Նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Այսօր նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում ներկայացրեց նախագծով նախատեսված փոփոխությունները, որոնք վերաբերում են աշխատողներին եւ գործատուներին, հղիներին, կրծքով կերակրող կանանց եւ երեխաներին։

Օրինակ՝ գործող օրենքի համաձայն, նախատեսված է, որ կենսաթոշակային տարիքի անձանց հետ գործատուն կնքում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, առաջարկվում է պայմանագիր կնքել նաեւ անժամկետ։

Գործող կարգավորումների համաձայն, եթե աշխատողը մեկ օր անհարգելի բացակայում է, գործատուն կարող է գրավոր բացատրություն պահանջել, եւ եթե հիմնավորումը իր համար ընդունելի չլինի, լուծել պայմանագիրը։ Նախագծով առաջարկվում է՝ այդ մեկ օրը դարձնել երեք անընդմեջ օր կամ տարվա ընթացքում տաս օր։

Նախագծով առաջարկվում է՝ հաստիքների կրճատման պարագայում նախապատվություն տալ զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամներին։

Գործող օրենքով ղեկավար անձանց աշխատանքային ժամանակը նորմավորված չէ, եւ շատ դեպքերում, ըստ պարոն Սարգսյանի, գործատուները չարաշահելով այս դրույթը, կարող են այնպիսի պաշտոններ նախատեսեն, որոնք համարվում են ղեկավար, բայց իրականում ղեկավար պաշտոնների գործառույթներ չունեն, եւ սահմանելով այդ պաշտոնների շրջանակը, կարողանում են աշխատողներին արտաժամ աշխատեցնել, չվարձատրել դրա համար․ «Նախագծով ամրագրվում է այդ անձանց շրջանակը՝ նրանք անձինք են, ովքեր զբաղեցնում են որոշում կայացնող պաշտոններ»։

Ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար եւս մեկ փոփոխություն է առաջարկվում՝ այսօր ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում սահմանված չէ, թե որքան պետք է արտաժամ աշխատեն, որի համար չեն վարձատրվում։ Նախագծով հստակ ժամանակահատված է սահմանվում։

Մյուս փոփոխությունը վերաբերում է արձակուրդներին․գործող կարգավորումների համաձայն, նախատեսված է, որ աշխատողն իր դիմումի համաձայն կարող է իր ամենամյա արձակուրդը տեղափոխել եւս 18 ամիս։ Պարոն Սարգսյանի ներկայացմամբ՝ ստացվում է, որ աշխատողն ընդհանուր կարող է իր ամենամյա արձակուրդից օգտվել 2,5 տարի հետո, բայց իրավակիրառ պրակտիկայում շատ են դեպքերը, երբ տարիներով գործատուները չեն տրամադրում ամենամյա արձակուրդը, լինում է, որ աշխատողները չեն ցանկանում օգտվել այդ արձակուրդից․ «Սահմանել ենք՝ գործատուն ամեն դեպքում իրավունք ունի, եթե 2,5 տարին լրացել է, որից հետո աշխատողը դիմում չի ներկայացրել արձակուրդի համար, գործատուն կարող է առանց դիմումի աշխատողին արձակուրդ տրամադրել։ Եթե այդ գործընթացն էլ տեղի չունենա, գործատուի նկատմամբ տույժեր կկիրառվեն՝ միջին օրական աշխատավարձի 0.15% -ի չափով, սակայն ոչ ավելի, քան այդ աշխատավարձի չափը։

Հանգստյան օրերին աշխատելու դեպքում փոխհատուցման նոր տարբերակ է առաջարկվում։ Ներկայումս հանգստյան օրերին աշխատելու դեպքում գործում են փոխհատուցման կրկնակի վարձատրության եւ հավելյալ հանգստի տրամադրման տարբերակները։ Նախագծով առաջարկվում է՝ եթե աշխատողն ընտրում է հավելյալ հանգստանալու տարբերակը, որովհետեւ աշխատել է, ասենք՝ շաբաթ օրը, ապա այդ հանգստի ժամանակը պետք է ավելին լինի առնվազն 50%-ով, քան ինքը աշխատել է։

Առաջարկվում է մեկ նկատողության դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծել, սակայն այս դեպքում աշխատողի արարքը պետք է շատ ծանր գնահատվի։ Գործող օրենքով երեք նկատողության դեպքում է հնարավորություն տրվում ազատել աշխատանքից՝ եթե աշխատողը պատշաճ չի կատարում իր պարտականությունները։ Պարոն Սարգսյանի ներկայացմամբ՝ լինում են դեպքեր, երբ աշխատողը ծանր վնաս է հասցնում կազմակերպությանը, որը կարող է հիմք լինել մեկ նկատողությամբ ազատելու աշխատանքից։

Մյուս առաջարկվող փոփոխությունը վստահության կորցնելն է, ըստ պարոն Սարգսյանի, գործող օրենքով դեպքեր են նախատեսված, երբ աշխատողի հետ կարելի է լուծել պայմանագիրը, եթե աշխատողը կորցրել է իր վստահությունը, սակայն այդ դեպքերը սահմանափակ են եւ ոչ միշտ են հնարավորություն տալիս գործատուին այդ հիմքով ազատել աշխատողին։ Նախագծով առաջարկվում է ավելացնել հնարավորությունների շրջանակը, շատ են դեպքերը, երբ օրինակ ֆինանսական միջոցների ռեսուրսների հետ է աշխատում եւ չարաշահում է իր լիազորությունը, եւ ֆինանսական վնասներ է հասցնում գործատուին։

Եթե աշխատողը պետք է, ասենք՝ երկու տարով մեկնի արտերկիր սովորելու, վերապատրաստվելու՝ առաջարկվում է երկու տարի պահպանել տվյալ աշխատողի աշխատատեղը։

Բացի այս, նաեւ նախատեսվում է առաջին անգամ աշխատանքի ընդունվելու դեպքում վեց ամիս հետո տրամադրվող ամենամյա արձակուրդը ժամկետը փոփոխել՝ կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդ տալ մինչեւ վեց ամիս լրանալը։

Գործող օրենքով մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանայք իրավունք ունեն իրենց աշխատաժամանակը դարձնել ոչ լրիվ, օրինակ՝ աշխատել ոչ թե ութ ժամ, այլ վեց ժամ։ Նախագծով առաջարկվում է երեխայի տարիքը սահմանել 1,5 տարեկան։

Կրծքով կերակրող կանանց էլ հնարավորություն է տրվում երեք ժամը մեկ կես ժամանոց ընդմիջումը՝ երեխային կերակրելու համար, ընդմիջման ժամերը միավորել եւ մեկ օրվա մեջ ունենալ 1,5 ժամ ընդմիջում։

Գործող օրենքով, աշխատանքային կոլեկտիվը իր իրավունքների պաշտպանության համար կարող է գործադուլ հայտարարել, եթե կոլեկտիվի 70%-ն է դրա համաձայնությունը տալիս։ Այս նախագծով առաջարկվում է 70%-ը դարձնել 50%։

Մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է նվազագույն աշխատավարձին՝ սոցիալական գործընկերության շրջանակում՝ նախարարությունը, գործատուների հանրապետական միությունն ու արհմիությունների կոնֆեդերացիան կարող են քննարկել եւ որոշել, որ օրինակ՝ որոշ ոլորտների համար սահմանվի նվազագույն աշխատավարձի այլ չափ, որը կարող է տարբերվել օրենքով սահմանված չափից։ Սա, ըստ պարոն Սարգսյանի, աշխարհում ընդունված պրակտիկա է՝ հաշվի առնելով աշխատանքի բարդությունն ու առանձնահատկությունները։

Բացի վերոնշվածը, օրենսգրքում այլ փոփոխություններ էլ են նախատեսվում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31