Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը համարվում էր Ղարաբաղի լեգենդար հերոս, մենք երկար ընկերություն ենք արել». Արամ Մանուկյան

Մայիս 04,2021 14:59

«Ես Ռոբերտ Քոչարյանին վիրավորելու, նեղացնելու, զրպարտելու մոտիվացիա բացարձակ չեմ ունեցել եւ չունեմ: Ավելին ասեմ, մենք 1988-ից միասին ենք շարժումը սկսել, միասին ենք շատ գործեր արել եւ, որ 89 թվականին առաջին անգամ ինքն ընտրվեց Սովետական Հայաստանի պառլամենտի անդամ, ինքը Վանաձորից է ընտրվել»,- այսօր դատարանում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, վանաձորցի Արամ Մանուկյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ շարունակվում էր քննվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մամուլի ասուլիսում մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի պնդումը, որ ՊՆ 0038 հայտնի հրամանը նախագահին «զեկուցելու» ընթացակարգ չի եղել, եւ Ռոբերտ Քոչարյանը դրանից տեղյակ չի եղել եւ նպատակ է ունեցել միայն կանխել բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին՝ նշել էր. «Սպասեք մեղադրանքի հրապարակմանը: Երբ մանրամասները տեսնեք, Ռոբերտ Քոչարյանը կսսկվի, իր թիմը՝ եւս: Այն, ինչ հրապարակվելու է դատարանում, բոլորիդ համար լինելու է նորություն»: Նաեւ նշել էր. «Նա ոչ միայն իմացել է, այլեւ նախապես է իմացել: Միայն այդ 0038 հրամանը չի: Մոտ հազար բարձրաստիճան պաշտոնյաներ՝ բանակի եւ այլն, մասնակցել են, կազմակերպված խմբեր են եղել»:

Արամ Մանուկյանի գնահատմամբ, այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը համարվում էր Ղարաբաղի լեգենդար հերոս, եւ իրենք ներգրավել են հասարակությանն այդ ընտրության համար. «Մենք երկար ընկերություն ենք արել: Իմ բոլոր հայտարարությունները վերաբերվում են միայն նրա պաշտոնավարման տարիներին»:

Արամ Մանուկյանն ասում է՝ իր բոլոր հայտարարությունները վերաբերվում են բացառապես այն բոլոր վնասներին, որոնք Ռոբերտ Քոչարյանը, հետագայում նաեւ Սերժ Սարգսյանը բերեցին`ավերելով Հայաստանի քաղաքական դաշտը, տնտեսական կյանքը: «Ասածներս միայն գնահատականներ են այդ գործունեությանը»,- հստակեցրեց նա`դատարանում հրապարակելով փաստաթղթեր, որոնք ՀՀ քաղաքացիների 100 հազար ստորագրությամբ ժամանակին ուղարկվեցին Հաագայի դատարան`ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գործունեության, «Մարտի 1»-ի գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքները, բազմաթիվ գրքերից փաստեր, որոնք տպագրվել են հազարավոր օրինակներով, տարածվել են մամուլում`հավելելով, որ ինքն ընդամենը ներկայացրել է այն, ինչը կա հանրային դաշտում եւ դրանք իր 30 տարվա գործունեության նույնատիպ գնահատականներն են:

ՀԱԿ փոխնախագահն ասաց, որ ինքը մշտապես խիստ քննադատել է բոլորին, ովքեր իր կարծիքով, երկրին վնաս են հասցրել`ընդգծելով, որ գնահատականները միշտ քաղաքական են եղել: Հիշեց նաեւ, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին էլ ասել է`բոլոր մարդասպանները եկեղեցի են կառուցում կամ խաչ են դնում, եւ մեկ տարի հետո Աղվան Հովսեփյանը խաչ դրեց:

Արամ Մանուկյանը նաեւ խոստացավ` այս դատավարությունը վերածել «դիմիդրովյան» դատավարության, երբ մեղադրողը վերածվում է մեղադրյալի:

Մինչ այդ, Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ իր ելույթը, դրան նախորդած եւ հաջորդած բոլոր գործողությունները եղել են քաղաքական, որ այս վեճը քաղաքական է եւ դատարանը նաեւ մասնակից է քաղաքական գործընթացների: Դատավորը հավաստիացրել էր` դատարանն առաջնորդվում է դատավարական ընթացակարգերով եւ դատարանի դահլիճում քաղաքական գնահատականներ չեն հնչելու:

Դատարանին ներկայացված ապացույցների թույլատրելիությունը որոշելու փուլում, Արամ Մանուկյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ հայցվորի շահերի ներկայացուցչի խոսքից տպավորություն ունի, թե Ռոբերտ Քոչարյանն արդեն ընդունել է, որ Ղարաբաղը, որպես բանակցային կողմ, ինքը ոչնչացրել է: Հայցվորի ներկայացուցիչն «աբսուրդային» որակեց հայտարարությունը եւ նկատեց, որ իր համար անհասկանալի եղավ, թե ի՞նչ վերլուծության արդյունքում պատասխանողը հանգեց նման դիրքորոշման: Նա նաեւ հստակեցրեց, որ հայցից հրաժարում կամ հայցի հիմքի փոփոխություն չի եղել:

Դատարանը պատասխանողի ներկայացուցչին դիմեց`ասելով, որ տարբեր փուլերում նշել եք, որ չեք պատասխանում հարցին`ընդունում եք, որ պարոն Մանուկյանը վիճելի հայտարարությունները կատարել է: Պատասխանողի ներկայացուցիչը տարօրինակ համարեց հարցը, վերահաստատեց նախագահող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշումը`հիմնավորելով, թե դատարանը հարցը դիտարկել է ապացուցման ենթակա հարց, այդ բեռը դրել է հայցվորի վրա, բայց դեռ նախագահող դատավորը «պայքարում է աքցաններով մեզանից այդ տեղեկատվությունը պոկելու, որպեսզի այդ մրցակցային դատավարության շրջանակում կողմերից մեկի վրա դրված ապացուցման բեռը թեթեւացնի»:

Նախագահող դատավորն առարկեց`նկատելով, որ պատասխանողը դատարանին ապացույցներ է ներկայացնում եւ փորձում է հիմնավորել, որ արված հայտարարությունները գնահատողական են կամ իրականությանն են համապատասխանում, բայց չգիտես ինչու, դատարանի հարցին`այդ հայտարարությունները արվե՞լ են, թե՞ ոչ, պատասխանել խուսափում է: Դատավորի գնահատմամբ, մրցակցայնության սկզբունքը չի փոխվում, ավելին՝ դատարանն անգամ դատաքննության բեռ է փոփոխել`հաշվի առնելով կողմերն ինչ կընդունեն: Եվ եթե կողմն ընդունում է, որ այդ հայտարարություններն արվել են, այս փուլում դատարանը դա կընդունի որպես ոչ վիճելի փաստ: Իր համառությունը դատարանը բացատրեց օբյեկտիվությամբ եւ հայտարարեց, որ դատաքննության փուլում կրկին է անդրադառնալու այդ հարցին, որպեսզի հնարավոր լինի ճիշտ որոշում կայացնել, մինչդեռ կողմը խուսափում է հստակ պատասխանից:

Պատասխանողի ներկայացուցչի եւ նախագահող դատավորի այս «վեճի» արդյունքում Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենց ուղղված հարցերը «ոչ ազնիվ դատաքննական հնարքներ են»: Արդյունքում, հայցվորի ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ պատասխանողի նման կեցվածքն ուղղակի հուշում է, որ պատասխանողը չի ընդունում, որ նման հայտարարություններ եղել են:

Դատարանը թույլատրելի եւ վերաբերելի համարեց ներկայացված ապացույցները, բացառությամբ հանցագործության, սպանության հետ կապված տերմիններ պարունակող ապացույցները: Մասնավորաբար, «… մարտի 1-ը սովորական հանցագործություն չէ, այստեղ միայն սպանություններ չեն կամ անգամ միայն հրամանը չէ, որ բանակը բերեց ժողովրդի վրա, էլ չեմ ասում, որ սահմանները թուլացրեց, որ Երեւանի հանրահավաքները ճնշելու համար ինքն իշխանագողություն է արել: Դա ռազմական հեղաշրջում էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31