Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մայիսի 14-ին հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Դատական նիստին ներկա չէին Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը: Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը: Նա տեղեկանք էր ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։
Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն իրենց համար արդարացված չէ: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս առիթով ասաց. «Ամբաստանյալի ներկայությունը պարտադիր է օրենքով: Ինչպես դատական նիստում ասացի, այլ ամբաստանյալի բացակայության մասին և դրա հավանական հետևանքի մասին դատողությունները բացակայության համար բավարար պատճառ լինել չեն կարող»:
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին՝ ինչի՞ն է վերաբերում ՀՀ դատախազության կողմից վերաքննիչ բողոքի ներկայացումը Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործով, Գևորգ Բաղդասարյանը պատասխանեց. «Բողոք տարվել է քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մի մասի վարույթը կարճելու՝ սույն դատարանի որոշման դեմ: Արձանագրել ենք, որ դատարանը կիրառել է Սահմանադրությանը հակասող նորմ: Հակափաստարկներ ենք ներկայացրել: ՍԴ որոշումը դատարանի համար առաջացնում էր պարտավորություն դադարեցնել քրեական հետապնդումը: Բայց հենց այդ պարտավորություն առաջացնող նորմերի սահմանադրականության հետ էլ խնդիր ենք տեսել, և դրա համար էլ դատարանին խնդրել ու միջնորդել ենք դիմել ՍԴ: ՍԴ-ն 300.1 հոդվածով էր Սահմանադրությանը հակասող ճանաչել, և դատարանը դրա հիման վրա քրեական օրենսգրքի մի քանի նորմեր է կիրառել, որոնք մեր կարծիքով՝ Սահմանադրության հետ խնդիրներ ունեն»:
Լրագրողների հիշեցմանը՝ Նիկոլ Փաշինյանը ՍԴ որոշումից հետո հայտարարեց, որ կկարդա այն, ու կհասկանան հետագա գործողությունները և հարցին՝ չի՞ կարելի համարել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության գործողությունները հենց թելադրված են, և դա կատարվում է դատախազության կողմից, Գևորգ Բաղդասարյանը պատասխանեց. «Իմ գործողությունները որևէ մեկի կարծիքով թելադրված չեն: ՍԴ ներկայացված՝ գլխավոր դատախազի կողմից ստորագրված դիմումը և այս դատարանում հնչած մտքերը դատախազության մտքերն են: Որևէ մեկը չի կարող որևէ միջամտություն ցույց տալ և չի փորձում: Իրավական բավականին լուրջ հարց կա»:
Լրագրողների դիտարկմանը՝ փաստորեն իրենք չեն ընդունում բարձր դատարանի որոշումը, դատախազն այսպես արձագանքեց. «Եթե չընդունեինք, մենք այս դատարանում չէինք խոսի այն մասին, որ ՍԴ որոշումը պարտավորեցնում է սույն դատարանին այդ հարցը քննարկել 35 և 366 հոդվածների կիրառության հարցը: Այդ առումով ընդունում ենք: Մասնագիտական առումով այն ընդունելի չէ, քանի որ մի քանի անգամ ասել եմ, թե ինչու»:
Հիշեցմանը՝ մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ իր՝ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելը այն պատճառով է, որ իշխանության կողմից այս դատական գործի և նրա հերոսների նկատմամբ կա հատուկ վերաբերմունք, Գևորգ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Մամուլը գրել էր նաև, որ ես Երևանի դատախազ եմ նշանակվել, մամուլը գրում է, որ ես երկու անգամ պաշտոն եմ ստացել: Մամուլը սուտ էր գրել, երբեմն գրած բաները, եթե ուզում են գրել, կարող են որոշ բաներ զուտ տեխնիկապես ճշտել ու գրել: Ինձ գլխավոր դատախազի տեղակալ իշխանությունը չի նշանակել: Գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու՝ օրենքով սահմանված կարգ կա, դա սահմանված է դատախազության մասին օրենքով: Այդ կարգին համապատասխան՝ իմ թեկնածությունը դատախազության կոլեգիային առաջադրվել է և այդ կարգին համապատասխան ստացվել է համաձայնություն, և ես նշանակվել եմ: Իմ նշանակման հետ քաղաքական իշխանությունը որևէ առնչություն չունի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ