Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ՀՀ ԱԳՆ

Մայիս 04,2021 14:11

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արդբեջանի կողմից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ

Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները դատապարտելի են, հատկապես, որ արդեն իսկ բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման և այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը:

Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործած բազմաթիվ պատերազմական հանցագործությունների շարքում առանձնակի աչքի է ընկնում բարձր ճշգրտությամբ զինատեսակներով մեկ օրում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի դիտավորյալ կրկնակի հրթիռակոծումը, որին հրադադարի հաստատումից հետո հաջորդեցին նաև վանդալիզմի դեպքեր:

Հատկանշական է, որ Ադրբեջանը Շուշիի Մայր տաճարի հետ կապված գործողություններ է իրականացնում առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու, ինչն ակնհայտորեն խախտում է հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը։ Նույնքան մտահոգիչ է, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարել մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքների սկսումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը։

Այս իրավիճակում հայկական կողմի բոլոր այն մտահոգությունները, որ Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը, առավել քան հիմնավոր են։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում առկա բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշակոթողների և պաշտամունքի վայրերի հետ կապված որևէ գործողություն չի կարող իրականացվել առանց միջազգային, առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կողմից առկա վիճակի փաստագրման և վերականգնման աշխատանքներում գործուն ներգրավվածության: Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է և այն որպես սրբատեղի պետք է ծառայի հավատացյալներին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31