Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտի ունենանք պետություն, որն իր քաղաքացու անվտանգությունը ապահովում է, քաղաքացու հարցերից չի վախենում. Միքայել Նահապետյան

Մայիս 04,2021 12:58

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատերազմից հետո մի քանի անգամ ասել եմ և հիմա էլ առիթ կա վերահաստատելու. պետական գաղտնիքի նկատմամբ պետական մոտեցումը պիտի վերանայվի։

Սահմանների կահավորվածության վերաբերյալ պատգամավորի հարցին ի պատասխան երեկ Նիկոլ Փաշինյանը, հետո նաև «ժողովրդվարության բաստիոնի» պահապան Վլադիմիր Վարդանյանը մեղադրանքների տարափ սկսեցին, թե «ադրբեջանցիներին տեղեկություն ե՞ք փոխանցում»։

Տարիներ շարունակ այս մոտեցումը առաջ էին մղում ՀՀԿ-ի պրոպագանդիստները։ Ինչ անհարմար հարց տալիս էինք՝ ասում էին «թշնամու ջրաղացին ջուր մի լցրեք»։ Արդյունքը այն եղավ, որ 2016-ին ժողովուրդը առերեսվեց իր բանակի թերհագեցվածությանը և այն փաստին, որ «չենք կարող ասել թե ինչ ունենք, բայց համոզված եղեք՝ ահասարսուռ հզորության ենք տիրապետում» մոտեցումը եղել է կեղծիք։

Պատերազմի ընթացքում Հայաստանում, ըստ էության, անխափան գործել է թշնամական հետախուզական ցանց, արբանյակները և կապի հետախուզությունը տվել են այն ամենը ինչ Ադրբեջանը ուզեցել է իմանալ, Հայաստանի խորը թիկունքում նկարում էին Իսկանդերից մինչև Դ-30 ամեն ինչի շարժը, բանկերի հերթերում անկաշկանդ աշխատում էին խուճապ տարածելու հանձնարարությամբ գործող լրտեսներ, պետական գաղտնիք երևույթ, ըստ էության, չկա և այն ինչ գաղտնի է՝ գաղտնի է միայն հայ ժողովրդի համար։

Սեպտեմբերի 25-ին և՛ մենք, և՛ Ադրբեջանը, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները գիտեինք պատերազմի սկսվելու օրը, գուցե նույնիսկ ժամը։ Բայց հայ հանրությունը դրա մասին իմացավ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից, որը գրվել էր մի նպատակով՝ պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին, որոնցից գուցե մեկ հոգի կարող էր լինել սահմանագծի մոտ։ Եվ եթե ԱՄՆ-ը իր մեկ քաղաքացու կյանքի և անվտանգության համար հրապարակում է իր հետախուզական կարևոր տվյալներից մեկը, իսկ Հայաստանը հարցեր տալու համար մեղադրում է իր քաղաքացուն լրտեսության մեջ՝ ապա հարց է ծագում պետություններն ընդհանրապես ի՞նչի համար են։

Մենք պետություն, ըստ էության, չունենք և մեր խնդիրն է ունենալ այդպիսին։ Մենք պիտի ունենանք պետություն, որը իր քաղաքացու անվտանգությունը ապահովում է, իր քաղաքացու հարցերից չի վախենում և աչքով-ունքով չի հասկացնում թե «դուք չգիտեք, մենք բեզպիտիմինուտ ատոմային գերտերություն ենք»։

Իսկ վերջաբանի փոխարեն այս նկարը, որը ցույց է տալիս քաղաքացի-պետություն հարաբերությունների էությունը։ Այս նկարը քաղաքացու անձնազոհության և պետության անզորության, քաղաքացու նվիրումի և պետության բառադիության, քաղաքացու կամքի և պետության անողնաշարության, քաղաքացու անկեղծության և պետական ստախոսության մասին է։

Ամուր եղեք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31