44-օրյա պատերազմի հայտնի արդյունքները, բնականաբար, վերաարդիականացրեցին «ովքե՞ր են ի վերջո մեր թշնամիները եւ բարեկամները, եւ ի՞նչ անել նրանց հետ» հարցը, եւ այդ հարցի պատասխանների տարբերակները բազմաթիվ են եւ խայտաբղետ, համեմված դավադրապաշտության, ինչպես նաեւ՝ միանգամայն հասկանալի հույզերի՝ մեծ կամ փոքր չափաբաժնով։ Սակայն, իրականում, այդ հարցին առանց ավելորդ հուզականության եւ ճշգրտորեն հիմնավորված պատասխանից կախված է մեր պետականության հետագա ընթացքի հետ ուղղակիորեն կապված շատ բան։
Ավտորիտար բռնապետությունները, որոնք այլեւս հայտարարված են որպես ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք՝ այլասերում եւ ձեւախեղում են ոչ միայն ներքաղաքական պրակտիկաները, վերածվելով սեփական ժողովուրդների գլխին մի մեծ չարիքի, այլեւ, արի ու տես, արտաքին քաղաքականությունն են ձեւախեղելով ծառայեցնում սեփական շարունակական վերարտադրության շահերին։ Եվ կախված սեփական երկրի պատմական ուղով պայմանավորված «շեղումներից» (գաղութատիրություն, գաղութացվածություն, հաղթանակ կամ պարտություն անցյալի պատերազմներում, կամ ուղղակի ասելով, որ այսինչները կամ այնինչները «մեզ չեն սիրում»)՝ հաճախ կառուցում են այնպիսի արտաքին քաղաքականություն, որն, ըստ էության, որեւէ կապ չունի տվյալ երկրի իրական շահերի հետ։ Եվ արդյունքում ստանում ենք թե՛ ագրեսիա, թե՛ նեոկայսերապաշտ դոկտրիններ, թե՛ սեփական անձեռնամխելիության դիմաց երկիրն այլոց «տանիքի» տակ տեղավորելու դեգեներատիվ ձգտում։
Դեհ, իսկ ինչ վերաբերվում է հատկապես փոքր երկրներին, որոնք լուծած չլինելով սեփական անվտանգության հիմնախնդիրը, նաեւ դժբախտություն են ունենում ընկալվել մի նման երկրի «բարեկամը», իսկ մյուսի՝ «թշնամին», հաճախ տարբեր պատճառներով զրկվում են սեփական ընտրության հնարավորությունից։ Եվ եթե թշնամիների պարագան կարող է շատ քիչ կախված լինել սեփական ցանկություններից, ապա բարեկամների հարցը լուծվում է բացառապես գիտակցված ընտրության միջոցով, եւ միայն ավտորիտարիզմով եւ ժողովրդավարությամբ չէ, որ այս ամենը պայմանավորված է։
Գոնե Հայաստանի պարագայում 2020-ից հետո մի քանի հարցեր դարձել են խիստ օրինաչափական եւ տրամաբանական, եւ դրանց մասին սկսել են խոսել հրապարակայնորեն, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշելով, որ, այո՛, «Ռուսաստանը մեր բարեկամն է, բայց Ադրբեջանը եւ Թուրքիան նրա թշնամիները չեն»։ Նիկոլ Փաշինյանը փաստն է արձանագրում, սակայն դա ոչ ամբողջական ճշմարտությունն է։ Իսկ ճշմարտությունն ամբողջանում է, երբ դրան հավելում ենք, որ Ռուսաստանի համար անհամեմատելիորեն ավելի արժեքավոր են հարաբերությունները Բաքվի եւ Անկարայի հետ, քան Երեւանի։ Ավելին, Երեւանի հետ հարաբերությունների արժեքն ածանցվում է առաջին երկուսի հետ հարաբերությունների արժեքից եւ այն ունի, մեղմ ասած, սոսկ «օպերատիվ» նշանակություն։ Մեղմ ասենք, որպեսզի չասենք՝ ուղղակի գրպանի մանրադրամ, որը պատրաստ է լինելու ցանկացած պահի բռով «լցնել սեղանին»՝ ցանկացած ձեռնտու, թեկուզեւ անպարկեշտ առաջարկության դիմաց։
Կարդացեք նաև
Աստվա՜ծ իրենց հետ, վերջին բանը, որն արժե անել՝ դա նեղանալն է ռուսներից կամ, առավելեւս, նրանց մեղադրել «դավաճանության» մեջ։ Եվ ոչ էլ մենք ենք «դավաճանում», երբ սկսում ենք բարձրաձայնել հասունացած հարցերը եւ գալ եզրակացությունների։ Ի վերջո, փաստի արձանագրումը մեղադրանք կամ մուննաթ չէ։ Եվ ուրեմն, մեր թշնամիները, նրանք, ովքեր մե՛զ են թշնամի համարում՝ ռուսների թշնամիները չեն, եւ ժամանակն է սա հասկանալ։
Սակայն, արդյո՞ք մեր թշնամիներն են նրանք, ում Ռուսաստա՛նն է այդպիսին համարում։ Մի՞թե օրինաչափական չէ այսօր նաեւ ա՛յս հարցը։ Ըստ այդմ, արդյո՞ք մեր թշնամին է Արեւմուտքը, որն, ըստ ՌԴ բարձրագույն ղեկավարության՝ «ռուսների թշնամին է» դեռ Իվան Ահեղից, ինչպես պնդում է, ասենք, ՌԴ ԱԽՔ Պատրուշեւը։
Նախ, սկսենք նրանից, որ, իհարկե, ո՛չ, Արեւմուտքը մեր թշնամին չէ, որ Արեւմուտքը պատժամիջոցներ է հայտարարել Ռուսաստանին, Բելառուսին, բայց ոչ մեզ, որ Արեւմուտքից վտարվում են ռուս դիվանագետներն, այլ ոչ թե հայ, որ Բայդենը մատ է թափահարում ռուսների ուղղությամբ, այլ ոչ թե մեր եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ օրերս ռուսական մամուլով շրջանառվեց տեղեկություն, ըստ որի ՌԴ ԱԳՆ-ը մտադիր է կազմել «թշնամական երկրների ցուցակ», որում ներառված են ԱՄՆ-ն, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Վրաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Չեխիան, Մեծ Բրիտանիան։ Այստեղ չկան Հայաստանի թշնամիներ, նշված բոլոր երկրները Երեւանի հետ ունեն բարեկամական հարաբերություններ, որոնք ունեն խորացնելու կարիք, այլ ոչ թե անհասկանալի շարժառիթներով զոհաբերման՝ «հանուն դարավոր բարեկամության», ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Ուկրաինայի պարագայում 2014-ին, երբ, ինչպես հայտնի ասացվածքում՝ ջրհորի մեջ մի հիմարի գցած քարը հարյուր հոգով մինչ օրս չենք կարողանում հանել։ Վրաստանը մեր լավագույն հարեւանն է, ԱՄՆ-ը՝ աշխարհի թիվ մեկ գերտերություն, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ, որի հետ նույնպես բարեկամական հարաբերություններ են, փայլուն հարաբերություններ են Բալթյան երկրների հետ, իսկ Լիտվայի ԱԳ նախարար Լանդսբերգիսն օրերս էր պաշտոնական այցով Երեւանում։
Փայլուն հարաբերություններ են Լեհաստանի, Չեխիայի հետ, անհասկանալի են մնում հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, որտեղ մինչ օրս դեսպան չունենք։ Իսկ անհասկանալի են ավելի շատ կիսադավադրապաշտական-կիսաբանահյուսական զավզակության մեծ չափաբաժնի պատճառով, հատկապես «հյուսիսից» սնվող, քան այդպիսին լինելու իրական հիմքերի պատճառով, էլ չեմ խոսում «ավանդական» գավառամտության մասին։ Ինչեւէ։
Ուշագրավն այն է, որ Ռուսաստանի «թշնամիների» ցանկում, ինչպես տեսնում ենք, մեր թշնամիները բացակայում են։ Իհարկե, «եղբայրության» մասին հակաքաղաքագիտական դատարկախոսությունները դեռ երկար են շարունակվելու, բայց փաստն այն է, որ մենք այլ երկրների «գլխի» մեջ տեղավորելով մեր «բանահյուսական» եւ կարծրատիպային պատկերացումները, գումարած մտավոր ծուլությունը, եւ ըստ այդմ մեր սպասելիքները կառուցելով, կառուցելով նաեւ մեր արտաքին քաղաքականությունը՝ կանգնելու ենք այն նույն կոտրած տաշտակի առաջ, որի առաջ հայտնվեցին 44-օրյա պատերազմի օրերին։
Մինչդեռ, քաղաքականության մեջ, ինչպես եւ թղթախաղում, յուրաքանչյուրը «խաղում» է այնպես, ինչպես կարողանում է, իսկ ինչպես ռուսներն են ասում՝ «թղթախաղում եղբայր չկա»։ Իսկ պրեֆերանսում ասում են. «Լավ է խաղընկերն առանց երկուսի, քան ինքդ՝ առանց մեկի»։ Եվ ուրեմն, ումի՞ց ենք նեղանում։ Եթե նեղանալ՝ ապա «խաղալ» չիմացողներից, «խաղը» չհասկացողներից։
Նեղանալ պետք չէ, այլ պետք է սեփական շահերից բխեցնել, թե ով է թշնամին եւ ով՝ բարեկամը, ըստ այդմ՝ ինչպես վարվել մեկի եւ մյուսի հետ, այլ ոչ թե անունը դնել «մեր անվտանգությունը», այն վերածել մի աղբամանի, որի մեջ գցում են բոլոր վախերը, համեմված քաղաքական որոշումներ մշակողների գավառամտությամբ եւ տարբեր կողմերից ագենտուրայի գործունեությամբ։
Եվ վերջին հարցը, որն անխուսափելիորեն առաջանում է ԱՄՆ վերջին հարյուր օրվա աննախադեպ ակտիվացումից։ Նախագահ Բայդենն ակնհայտորեն հանդես է գալիս ոչ միայն որպես ամերիկացիների նախագահ, այլեւ միանշանակորեն որպես Ազատ Աշխարհի առաջնորդ։ Եվ ուրեմն, ժողովրդավարական Հայաստանն Ազատ Աշխարհի՞ մաս է, թե՞ նրա հակառակորդների, եւ արդյո՞ք ինքներս մեզ համար ունենք այս հարցի անկեղծ պատասխանը։
Բնականաբար, վերջին հարցի պատասխանը մենք կստանանք ոչ միայն հունիսյան ընտրությունների արդյունքներով, այլեւ մեր ամենօրյա գործունեությամբ եւ վարվեցողությամբ, ինչպես նաեւ՝ մեր կարողությամբ այդ պատասխանն Ազատ Աշխարհին պատշաճ կերպով հասցնելով։ Սակայն, սա շատ դժվար գործ է, քանի քաղաքական դասի մոտ չի գերիշխում այն համոզմունքը, որ «ո՛չ միայն զենքով կա հայոց փրկություն» (ֆիդայական երգը վերախմբագրելով), այլեւ, մինչեւ գործը զենքին հասցնելը եւ տարբեր պղտոր եւ ոչ այնքան սթափ «փրկիչ» պերսոնաժների «լապշան» հալած յուղի տեղ ընդունելը՝ ռիսկերի գնահատման ինստիտուցիոնալ կարողություններով, հետախուզությամբ, վերլուծությամբ, այն ամենով, ինչը կոչվում է արտաքին քաղաքականություն։
Ի վերջո, հայկական արտաքին քաղաքականության կրեդոն մեծ հաշվով կարող է լինել մեկը. ունենալ որքան հնարավոր է շատ բարեկամներ, չեզոքներին դարձնել բարեկամ, իսկ թշնամիներին՝ չեզոքացնել։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.05.2021