ԱԺ լիագումար նիստում այսօր դահլիճում աղմուկ բարձրացավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ելույթի սկզբում։ Մինչեւ նրա ամբիոնին մոտենալը` Շուշիի մայր տաճարի գմբեթի ապամոնտաժումը դատապարտել էին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Տարոն Սիմոնյանը նախ հայտարարեց․ «Չէի կարող ուրախությամբ չարձագանքել, որ գործընկերներս վերադարձան հայամետ քաղաքականության»։ Այս խոսքերի վրա դահլիճում աղմուկ եղավ, իսկ Տարոն Սիմոնյանը ժպտալով շարունակեց․ «Իմ գործընկեր Վլադիմիր Վարդանյանն էլ վերադարձավ իր հիմնական մասնագիտական առաքելությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին, ընդգծեց, որ Շուշիում տեղի ունեցածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդհատեց նրան եւ նայելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ուղղությամբ՝ ասաց․ «Հլը մի վայրկյան էլի, պարոն Սիմոնյան։ Դահլիճում գոռգոռոցներն անտեղի են։ Իսկապես, հնչեցված արտահայտությունը վիրավորական էր բոլորիս հանդեպ։ Հայամետ քաղաքականություն թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են դրանից»։
Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ թող ժողովուրդն ինքը դիտի եւ դատի․ «Ես զարմացա եւ ուրախացա, որ գործընկերներս ճիշտ բառապաշարով ընդգծեցին Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը։ Ամիսների հորդորս տեղ հասավ։ Հուսամ՝ այս բառապաշարը ճիշտ կօգտագործենք։ ՀՀ-ում որեւէ քաղաքական գործիչ, ում խոսքը նշանակություն ունի, իրավունք չունի խոսել Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների մասին։ Այդ պետությունը ցեղասպան քաղաքականություն է վարում։ Եթե խոսում ենք բարեկամության մասին, իսկ Ադրբեջանը շարունակում է հակահայկական քաղաքականությունը, միջազգային հանրությունը չի հասկանա մեզ»։
Կարդացեք նաև
Ապա Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց Տարոն Սիմոնյանին․ «Իմ ողջ գործունեության ընթացքում ես օգտագործել եմ նույն բառամթերքը ու ունեցել հստակ դիրքորոշում։ Այս դահլիճում չկա որեւէ մարդ, որը հայամետից բացի այլ դիրքորոշում է ունեցել։ Խնդրում եմ՝ մի վերափոխեք նման կարեւոր հարցերը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ