«Շինարարական եւ «վերանորոգման» աշխատանքների ժամանակ քանդել են մայր տաճարի գմբեթը եւ վերադարձրել 92թ․-ի վիճակին։ Գմբեթը դեռեւս 19-րդ դարի վերջին ունեցել է այն տեսքը, որն ուներ մինչեւ այն քանդելը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի մայր տաճարի գմբեթն ապամոնտաժելու փաստին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Սա արվում է այն պատճառով, որպեսզի վերացնեն հայկական ինքնության հետքերը, ընդգծեն հայատյաց վերաբերմունքը, վերացնեն հայկական ճարտարապետական դոմինանտությունը, ընդգծեն, որ Ադրբեջանը չի հանդուրժի որեւէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,-հավելեց Վլադիմիր Վարդանյանը եւ նշեց, որ դիմելու է համապատասխան միջազգային կառույցներին, նաեւ՝ օրինագիծ է մշակելու։
Խնդրին անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ կատարվածը որակելով բարբարոսություն․ «Նրանք չունեն մշակույթի պատմություն եւ նույն մոտեցումն են ցուցաբերում հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին արձանագրեց․ «Այդ բարբարոսությունը, գերիների հանդեպ վերաբերմունքը, խայտառակ պուրակի բացումը վկայում են՝ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, եւ միջազգային հանրությունը պետք է ճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ