ԱԺ այսօրվա նիստում քննարկվեց ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած՝ «Քրեական օրենսգրքում փոփոխությունների» մասին նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը։
Պետրոսյանը հայտարարեց․ «Սահմանադրության համաձայն՝ քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք, եւ դրա բաղադրիչն իշխանությունից ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքն է։ Այսօր բարձրաստիճան պաշտոնյաներն ամոթը գրպանած՝ հելնում են ու ժողովրդին սխալ տեղեկատվություն մատուցում, եւ քրեական օրենսգրքում համապատասխան պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել նման ստախոսների գործունեությունը։ Հիմա անուն տամ, բայց սա չընկալեք որպես անձի համար կարվող նախագիծ։ Խոսքը ՊՆ խոսնակ կամ լիազորված անձ Արծրուն Հովհաննիսյանի մասին է, որը 43 օր խաբեց, ասաց՝ «հաղթում ենք», «հաղթելու ենք», հետո հանկարծ վերջին օրով պարզվեց, որ պարտվում ենք։ Նման ապատեղեկատվություն մատուցողները պետք է պատժվեն»։
Կառավարությունը եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն են տվել այս նախագծին։ Պատճառներից Գեւորգ Պետրոսյանը մեջբերեց այն, որ 12 եվրոպական երկրներում նման նախագիծ չկա։ «Բա այն մյուս երկրների փորձն ինչո՞ւ չեք նայել։ Կամ, ՀՀ-ն անկախ պետություն է, ինչո՞ւ պետք է պարտավոր լինենք որեւէ երկրից փորձառություն վերցնել»,-հարցադրումներ արեց Գեւորգ Պետրոսյանը, ապա շարունակեց,-«նաեւ ասում են, թե իրավական անորոշություններ կան։ Կառավարություն, օրինակ, ի՞նչ է նշանակում «անառակաբարո գործողություններ» արտահայտությունը։ ՔՕ-ում այն մեկնաբանված չի։ Չկա նաեւ «կյանք» հասկացությունը, բայց մենք ունենք կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։ Սին պատճառ եք ասում, հնարավոր չի ՔՕ-ն ծանրաբեռնել հասկացություններով։ Պարզ չի՞, թե ինչ է նշանակում պաշտոնյանի կողմից հանրային հնչեղության սուտ տեղեկատվություն մատուցելը։ Մեկ էլ ասում են՝ պարզ չի, թե իրավասու պաշտոնյան ով է․․․պարզ չի՞, որ ճաշարանի վարիչը նման տեղեկատվություն չի կարող հայտնել»։
Այս խոսքերի վրա Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց դահլիճում նստած «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի նկատառմանը եւ ասաց․ «Թող լսեն, թող երեխաներն էլ լսեն, ինձ դա է պետք․․․»։
Կարդացեք նաև
Ապա Գեւորգ Պետրոսյանը շրջվեց դեպի ԱԺ նախագահությունը, որտեղ նստած էին փոխխոսնակ Լենա Նազարյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «աչքի տակով» նայեց Լենա Նազարյանի կողմը եւ ասաց․ «Ինչ-որ ֆսսոց եկավ հետեւից․․․ դիմակի տակից քմծիծաղ տվողները մի քանի օրից թող փորձեն քմծիծաղ տալ»։
Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ամբիոնին մոտենալով՝ ներողություն խնդրեց նիստին հետեւող դպրոցականներից նրա համար, ինչին ականատես եղան։ Ապա նշեց, որ ՔՕ-ի երկու հոդվածներ որոշակի չափով փակում են հարցը։
Գեւորգ Պետրոսյանը տեղից հակադարձեց, Սիսակ Գաբրիելյանն էլ առաջարկեց՝ եթե գոռալով է, դուրս գան՝ դրսում գոռան։ Պետրոսյանը համաձայնեց։ «Ձեր տանը չեք, եւ սա ձեր հայաթը չի»,-հավելեց Սիսակ Գաբրիելյանը։
Ապա ԱԺ-ն մեծամասամբ դեմ քվեարկեց Պետրոսյանի նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ