Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընթացիկ ծախսերը պետք է վերանայենք, դա բավականին մեծ շռայլություն է մեզ համար. Ատոմ Ջանջուղազյանն ինչ որ ասել է, իրականում պետք է ահազանգող լինի կառավարության համար»․ Վարդան Արամյան. «168 ժամ»

Մայիս 04,2021 11:10

Հայաստանի պետական պարտքը գերազանցել է Համախառն ներքին արդյունքի օրենքով նախատեսված առավելագույն 60 տոկոսը։

Կառավարության ապրիլի 22-ի նիստում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս ցուցանիշը կառավարությանը պարտավորեցնում է իրականացնել այնպիսի հարկաբյուջետային քաղաքականության նախագծում, որպեսզի առաջիկա հինգ տարիներին պարտքը վերադարձվի 60 տոկոսից ցածր շեմի։

168.am-ը Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե ինչքանով է վտանգավոր պետական պարտքի օրենքով սահմանված շեմի գերազանցումը, և հնարավո՞ր է՝ առաջիկայում մեր պետությունը կանգնի պարտքը սպասարկել չկարողանալու խնդրի առջև, ի պատասխան՝ Վարդան Արամյանը նշեց․ «Մակարդակի առումով 60 տոկոսի շեմի գերազանցումը մեզ համար, անկասկած, մտահոգող է, բայց խիստ վտանգավոր է, թե ոչ՝ դժվար է ասել, որովհետև աշխարհի փորձը ցույց է տալիս, որ երկրներ կան, որոնք պարտքային ճգնաժամ են ունեցել պարտք/ՀՆԱ ցուցանիշի 38 տոկոսի սահմաններում՝ ինչպես Ռուսաստանը, և Արգենտինան՝ պարտք/ՀՆԱ ցուցանիշի 120 տոկոսի շրջանակներում։

Այստեղ մեխն այն է, որ պանդեմիայի կամ նմանատիպ շոկերի ժամանակ բոլոր երկրներն էլ նման իրավիճակների հետ բախվում են․ այսինքն՝ ստիպված են մեծ դեֆիցիտ տալ, որպեսզի կարողանան դիմակայել այդ արտաքին շոկին։ Այստեղ պրոբլեմը ոչ թե ներկայում պարտք/ՀՆԱ ցուցանիշն է, այլ՝ ինչպիսին պետք է լինի ապագան»։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ ապագայում ավելի կոմֆորտ զոնայում լինելու համար պետք է շատ արագ իրականացնել հարկաբյուջետային կոնսոլիդացիա կամ, այլ կերպ ասած, ֆինանսների կարգաբերում, այսինքն՝ իրականացնել ընթացիկ ծախսերի վերանայումներ, կրճատումներ, և փոխարենը՝ փողերի ներարկում տնտեսական պոտենցիալը վերականգնելու համար։

Ճշգրտմանը, թե հնարավոր է, որ գործող կառավարության վարած քաղաքականության հետևանքով նույնիսկ կանգնենք արտաքին պարտքը սպասարկել չկարողանալու խնդրի առա՞ջ, Վարդան Արամյանն արձագանքեց․ «Ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ հատկապես հարկաբյուջետային քաղաքականությունը և պետական ֆինանսների կարգաբերումը, թույլ չի տալու, որպեսզի մենք արագ բարելավենք պարտք/ՀՆԱ ցուցանիշը, և դա արդեն վտանգ է»։

Արդյոք այդ ցուցանիշը բարելավելու համար Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի ուղենշած 5 տարին կամ 2026 թվականը անհավանակա՞ն է՝ մեր հարցին էլ Ֆինանսների նախկին նախարարը պատասխանեց․ «Այնպես չի, որ դա լավ ցուցանիշ է, և Ատոմ Ջանջուղազյանն ինչ-որ ասել է, այդ առումով իրականում պետք է ահազանգող լինի հենց նույն կառավարության համար։

Մեր ընթացիկ ծախսերը պետք է վերանայենք, դա բավականին մեծ շռայլություն է մեզ համար։ Ես շատ լավ հասկանում եմ՝ բոլորն էլ փողի կարիք ունեն, բայց ես՝ որպես ֆինանսիստ, չեմ կարողանում հասկանալ, օրինակ, ոստիկանների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը․ եթե բարձրացնում եք ուժայինը, ուրեմն բոլորինը պետք է բարձրացնեք ուժային համակարգում խեղումներ չմտցնելու համար, ու տակը պետք է դնեք հիմնավորվածություն։ Փողը երբ ծախսում ես, պետք է էֆեկտ ունենաս․ եթե հազար դրամ ես ծախսում, պետք է հազար դրամի արդյունք ունենաս, եթե դու ծախսում ես, բայց ստանում ես զրո արդյունք, նշանակում է՝ անարդյունավետ ծախս, ինչը շատ վտանգավոր է»:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31