Կառավարությունն իր վերջին նիստում ժեստ արեց ՀՀ մարզերին․ մոտ 2 մլրդ դրամ հատկացրեց՝ հրատապ խնդիրներ լուծելու համար։ Ամենամեծ գումարը՝ 500 մլն դրամ, որոշեցին տալ Սյունիքի մարզին, որը, մեղմ ասած, հայհոյախառն վերաբերմունք ունի Փաշինյանի նկատմամբ։ Ոմանք սա ընտրակաշառք ընկալեցին, իսկ կառավարությունը ներկայացնում է այսպես․ այս գումարն օգտագործելու են «Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով»:
Մյուս 9 մարզերը՝ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի եւ Տավուշի, բոլորը միասին ստանալու են 1,200 մլրդ դրամ։ Այդ գումարները տրվելու են որպես սոցիալական աջակցություն՝ բնակարանային ապահովության, փախստականների կարիքները հոգալու, նպաստներ, օգնություններ բաժանելու, այլ նպատակով։ Անապահով խավին ուղղված այս սուբսիդիայի նախընտրական բնույթն ակնհայտ է։ Բայց ավելի հետաքրքիր է կատարող մարմինների ցանկը։ 9 մարզերի դեպքում գումարները տրվելու են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ մարզպետարանների միջոցով ծախսելու է դրանք «բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն եւ հրատապ ծրագրեր իրականացնելու» նպատակով: Եվ միայն Սյունիքի համար բացառություն է արվել։ Այս դեպքում կառավարական փողերը բաժանելու է նիկոլահպատակ մի կառույց՝ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը։
Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը 2016 թվականին ստեղծել է այն ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանը։ Դրա գլխավոր դոնորը, որը տրամադրում էր գումարների 90 տոկոսից ավելին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր։ Հիմնադրամը մարզում խոշոր ներդրումային ծրագրեր էր իրականացնում եւ, ըստ կանոնադրության, ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր ղեկավարվում է Սյունիքի մարզպետի կողմից։ Բայց այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դադարեցրել է այս կառույցի ֆինանսավորումը։ «Հիմնադրամի խորհրդում կա կոմբինատի ներկայացուցիչ՝ մեր գերմանացի գործընկերներից, սակայն այդ մասնակցությունն այսօր պասիվ բնույթ է կրում»,- ասում է կազմակերպության հիմնադիր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Ինչո՞ւ։ «Իրենք փոխել են հիմնադրամի տնօրենին, հոգաբարձուներին, եւ այդ հիմնադրամում հիմա անհասկանալի կերպարներ են, եւ հիմա կոմբինատն այլեւս չի ֆինանսավորում այդ հիմնադրամը, քանի որ միջոցները մսխելու ռիսկը մեծ է»,- ասաց նա։
Վահե Հակոբյանի համոզմամբ, կառավարության կողմից Սյունիքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը պատահական չէ, 500 մլն դրամը ծառայեցվելու է նախընտրական քարոզչությանը։ «Իմ համոզմամբ՝ այդ կես միլիարդը Սյունիքին հատուկ հատկացրել են, որ կարողանան այդտեղ ինչ-որ գործողություն ծավալել՝ կապված նախընտրական քարոզարշավի հետ։ Սյունիքն է իրենց խնդիրը, դրա համար էլ առանձնահատուկ վերաբերմունք ունեն Սյունիքի նկատմամբ։ Բայց աստված չանի, որ իրենք այդ գումարներով փորձեն ընտրակաշառք բաժանել»։
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե կարո՞ղ է արդյոք հիմնադրամը հաշվետու լինել ՀՀ բյուջեի միջոցների համար, եթե այն պետական մարմին չէ, նախկին մարզպետը պատասխանեց․ «Այս մարդիկ իրենց տան հաշվետվությունը չեն կարողանում տալ, ինչպե՞ս են բյուջեի հաշվետվությունը ներկայացնելու։ Ոնց որ «Հայաստան» հիմնադրամինը ներկայացրին, այնպես էլ սա են ներկայացնելու»։
Թե ինչու է կառավարությունը որոշել այսքան մեծ գումար տրամադրել չգործող հիմնադրամին, միայն կռահել կարելի է։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: