Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. Այժմ ընթանում է քարոզարշավ, ուղղակի ջունգլիների կանոններով. «Հայկական ժամանակ»

Մայիս 04,2021 10:23

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են մի շարք քաղաքական ուժերի գովազդային վահանակներ, ինչը համացանցում բուռն քննարկումներին առիթ է դարձել: Մասնավորապես, շատերը պնդում են, որ մինչ քարոզարշավի սկսվելը գովազդային վահանակների տեղարդումն օրենքով արգելվում և խախտման համար պետք է տվյալ քաղաքական ուժերը պատասխանատվության ենթարկվեն:

Մայրաքաղաքում արդեն կարելի է տեսնել «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների գովազդային վահանակները:

«Հայկական ժամանակը» դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզելու՝ կա՞ արձանագրված խախտում տվյալ քաղաքական ուժերի գործողություններում, թե՝ ոչ, ինչին ի պատասխան ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը նշեց, որ այս փուլում, երբ նշանակված չեն ընտրություններ, նման պաստառների առկայությունը Ընտրական օրենսգրքի որևէ դրույթի խախտում չէ։

«Ընտրական օրենսգրքով հստակ սահմանված է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, որի ընթացքում գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները»,-եզրափակեց ԿԸՀ խոսնակը:

ՀԺ-ի հետ զրույցում Ընտրական նոր օրենսգրքի նախագծի համահեղինակ Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ, ըստ էության, Ընտրական օրենսգիրքն արգելում է քարոզարշավ իրականացնել քվեարկության և դրա նախորդ օրը. «Իսկ այլ ժամանակահատվածում քարոզչությունն արգելված չէ: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները միշտ էլ քարոզարշավ իրականացնում են: Սա խախտում չէ, քանի որ կոնկրետ կանոնակարգում չկա, թե ինչ գումարներով են այդ վահանակները տեղադրվում, թե քանի վահանակ կարելի է տեղադրել»:

Իոաննիսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզարշավի համար տրվում է 12 օր ժամանակ. «Ես հիշում եմ, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկեցի Սահմանադրության կարգավորումը փոխել, որպեսզի նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը դառնա մեկ ամիս կամ մեկ ամիս ու կես, Մարուքյանն ասաց՝ այդքան երկար քարոզարշավ ո՞վ է անելու: Իմ պնդումներին, որ բոլորն էլ շուտ սկսելու են, ուղղակի ոչ խաղի կանոններով, նա հակաճառում էր ու ասում՝ բոլորն էլ քարոզարշավը սկսում են այն ժամանակ, երբ հատուկ ժամանակահատված է տրամադրվում: Բայց արդեն մի քանի շաբաթ է, ինչ նախընտրական քարոզարշավը սկսել է Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նույն Էդմոն Մարուքյանը, որը պնդում էր, թե քարոզարշավի ժամանակահատվածում նոր բոլորը կսկսեն այն իրականացնել, խախտեց իր ասած խոսքերը»,-  նկատեց մեր զրուցակիցը:

Դանիել Իոաննիսյանը նշում է՝ այժմ ընթանում է քարոզարշավ, ուղղակի ջունգլիների կանոններով. «Եվ քարոզարշավի ժամանակահատվածի կարգավորումները չփոխվեցին Էդմոն Մարուքյանի պատճառով: Կարգավորումների փոփոխման համար «Իմ քայլը» խմբակցության ձայները բավական չէին, պետք է ԼՀԿ-ն էլ միանար, բայց նրանք մերժեցին առաջարկները»,-հավելեց Իոաննիսյանը:

Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31