Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՛մ գլուխ չեն հանում տնտեսությունից, կա՛մ ուղղակի միտումնավոր փորձում են բոլորիս մոլորության մեջ գցել. Կառլեն Խաչատրյան. «Փաստ»

Մայիս 04,2021 10:43

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ դարձավ, որ մարտին, ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,8 տոկոս աճ ունենք: Մինչ տնտեսական իրավիճակին անդրադառնալը, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը հիշեցնում է՝ վերոնշյալը 2020 թ. մարտի հետ համեմատած ցուցանիշն է:

Անդրադառնալով գնաճի միտումներին հատկապես եկամուտների չավելացման պարագայում՝ Կառլեն Խաչատրյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Թեև գնաճը մարտին կազմել է 5,8 տոկոս, բայց դա ընդհանուր՝ բոլոր ապրանքների միջինացված գների բարձրացման ցուցանիշն է: Հասկանալի է, որ առանձին խումբ ապրանքների գները շատ ավելի արագ են աճել, ու այդ իմաստով իրապես այստեղ մտահոգվելու շատ բան կա. նախ՝ եկամուտների անկման ֆոնին գների բարձրացումը հավել յալ սոցիալական խնդիրներ է առաջացնում հասարակության լայն զանգվածների մոտ, և այդ իմաստով իրականում պատկերը մտահոգիչ է: Ես ուզում եմ նաև հավելել հետևյալը. երբ Հայաստանում միջինացված սպառողական գների ինդեքսի փոփոխությունը համեմատում ենք աշխարհի մակարդակով գնաճի ցուցանիշի հետ, ապա այն մեզ մոտ առնվազն երկու անգամ ավելի բարձր է: Զարգացած երկրներում 1,1-1,4 տոկոսանոց գնաճ է արձանագրվել նշված ամսում, հարևան Վրաստանում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ, մինչդեռ Հայաստանում 5,8 տոկոս է: Հետևաբար, թե՛ միջազգային համեմատությունները, թե՛ նախորդ ժամանակաշրջանում Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գնաճային ալիք կա, ինչն էլ ավելի է մեծացնելու երկրում առկա սոցիալական խնդիրները»:

Ընդ որում, ըստ տնտեսագետի, գնաճը գնալով ահագնանում է, ու պատճառը միայն դրամի արժեզրկումը չէ: «Դրամի արժեզրկում մենք կտրուկ ունեցել էինք նաև անցած տարվա մարտ-ապրիլ ամիսներին, ինչը պայմանավորված էր համավարակով:Բայց այդ նույն ամիսների ընթացքում մեզ մոտ ամսական գնաճը չի գերազանցել 1,5 տոկոսը: Այսինքն, իրականում, այո, դոլարի փոխարժեքի տատանումները ազդում են գնաճի վրա, բայց դրանք միակ գործոնը չեն: Այստեղ կրկին պետք է շեշտեմ անվտանգային և քաղաքական անորոշությունների մասին, որոնք հավելյալ տատանողականություն են հաղորդում ԱՄՆ դոլարին, որի հետևանքով դրամն արժեզրկվում է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Այս ֆոնին անդրադառնալով տնտեսական բլոկի ներկայացուցիչների՝ տնտեսության վերականգնման, գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդի, ներդրողների խմբի՝ Հայաստան գալու մեծ պատրաստակամության մասին արվող հայտարարություններին՝ տնտեսագետը շեշտեց. «Եթե կարճ ասեմ, նման բոլոր հայտարարություններն իրականությունից կտրված են: Ու երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններ անող մարդիկ կա՛մ գլուխ չեն հանում տնտեսությունից, չեն հասկանում տնտեսական գործընթացները, կա՛մ ուղղակի միտումնավոր փորձում են բոլորիս մոլորության մեջ գցել: Նույն բազմամիլիոնանոց ներդրումների մասին հայտարարությունները հնչեցին պատերազմից հետո՝ նոյեմբերին: Մոտ վեց ամիս է արդեն անցել, բայց, համենայն դեպս, պաշտոնական վիճակագրական տվյալներով, որևէ ներդրում չկա: Նույնը վերաբերում է տնտեսական աճին: Հեռու չգնանք: Երբ վիճակագրական կոմիտեն դեռ մարտի տվյալները չէր ամփոփել, դրանից մոտ 5 օր առաջ կառավարության հերթական նիստի ժամանակ մեզ փորձում էին համոզել, որ մարտին առնվազն 7-8 տոկոսանոց աճ ենք ունենալու, բայց հրապարակվեցին մարտի տվյալներն, ու տեսանք, որ այդ աճը 3,8 տոկոս է՝ մոտ երկու անգամ ավելի նվազ, քան հայտարարում էին տնտեսական բլոկի պատասխանատուները: Իրականում բազմաթիվ նման օրինակներ կարելի է բերել, իսկ կյանքը կարճ ժամանակում ապացուցել է նման հայտարարությունների, մեղմ ասած, ոչ ճշմարիտ կամ ոչ իրատեսական լինելը»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31