Երեք ամսվա ընթացքում մոտ 9 դատական ակտ ենք ունեցել, որոնք ընդհանրապես չեն արտացոլում իրականությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալներ Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Զենքի մատակարարման չարաշահումների գործով Դ. Գալստյանից (Պատրոն Դավիթ) բացի, կալանավորված է նաև նրա ընկերության տնօրեն Արմեն Բաղդասարյանը՝ Դ. Գալստյանի հորեղբոր որդին:
Պաշտպանը նշեց, որ Դավիթ Գալստյանն անգնահատելի ծառայություն է մատուցել այս պատերազմի ժամանակ. «Թեպետ Դավիթ Գալստյանը հրապարակային այդ մասին չի խոսում, բայց մենք պատրաստ ենք խոսել, ասել, թե ինչ է արել Դավիթ Գալստյանը պատերազմի ժամանակ՝ տոտալ շրջափակման պայմաններում, երբ ՀՀ-ում զենք տեղափոխելու խնդիր կար: Պատերազմի ընթացքում նաև որևէ գումար չի աշխատել, հնարավորության դեպքում բոլոր մատակարարումներն ինքնարժեքով է արել: Բացի այդ, ինքն անձամբ գումարներ է նվիրաբերել ու տարբեր խնդիրներ է լուծել: Մամուլում արդեն գրվել է նաև սեփական միջոցներով ինքնաթիռներ գնելու մասին, որոնք հետագայում շատ կարևոր հարցեր են լուծել: Սրանք փաստեր են, որոնք հիմնավորելու կարիք չկա: Այն մարդը, որն այսքան բան է կարողանում անել, խարդախ լինել չի կարող: Կան ուժեր, որոնք այս պատերազմի ընթացքում փորձել են փող աշխատել, և պարզապես հարստանալ պատերազմի ընթացքում:
Մենք մեր հետաքննությունն ենք սկսել, ուսումնասիրությունների մեջ ենք: Եղել են դեպքեր, երբ քառակի, եռակի, 8 անգամ ավելի գնով մատակարարումներ է առաջարկվել, բայց Դավիթ Գալստյանն 8 անգամ ավելի էժան գնով է մատակարարել: Հաշվի առնելով, որ Դ. Գալստյանն ավելի էժան գնով մատակարարելու հնարավորություններ ուներ, և իրենց փող աշխատելը չի ստացվել, մենք կարծում ենք, որ հենց այդ մարդիկ են կանգնած այս ամենի հետևում: Դ. Գալստյանն ի չիք դարձրեց իրենց երազանքները, և այսօր Դավիթ Գալստյանի՝ կալանքի տակ մնալու շահագրգիռ կողմերն իրենք են: Թշնամի պետության ղեկավարն է խոսում այն մասին, թե ինչ է արել Դ. Գալստյանը պատերազմի ժամանակ: Ալիևն ասում է, թե Դավիթ Գալստյանն ինչպես է պատերազմի ժամանակ, իր խոսքերով, տարբեր զարտուղի ճանապարհներով ՀՀ զենք տեղափոխել: Իհարկե, Ադրբեջանը դա ներկայացնում է այնպես, թե իբրև այդ ամենն ապօրինի կերպով է իրականացրել:
Ասում է՝ զենք է առել, բերել: Ես չեմ ուզում մեկնաբանել Ալիևի ասածները, հերքել կամ հաստատել որևէ բան, բայց փաստն այն է, որ այդ մարդը խոսում է այդ մասին: Հատկապես ԱԱԾ-ում շատ լավ են պատկերացնում, թե ինչի մասին է խոսել Ալիևը: Եվ այս պայմաններում Դավիթ Գալստյանի նկատմամբ նման վերաբերմունքը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում