Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին են խոսելու ցուցակները

Մայիս 04,2021 10:00

Այժմ նախընտրական ցուցակներ կազմելու բուռն ժամանակաշրջան է: Մարդիկ, որոնք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց պատգամավորական մանդատի, բնականաբար, այսօր մեծ ջանքեր են գործադրում՝ հայտնվելու այն կուսակցությունների եւ դաշինքների ցուցակներում, որոնք կարող են մտնել Ազգային ժողով, եւ քանի որ տեղերը սահմանափակ են՝ պայքարը գնում է ցուցակի հնարավորինս բարձր տեղերում հայտնվելու համար:

Բնականաբար, դա չի վերաբերում այն կուսակցություններին, որոնք ի սկզբանե ոչ մի շանս չունեն խորհրդարանում հայտնվելու ու շատ լավ գիտակցում են դա: Նրանք հանդես են գալիս, այսպես ասած, «քարոզչական դուբլյորի» դերում: Այդպիսիք մասնակցում են ընտրարշավին ոչ թե սեփական ծրագրերով, այլ հիմնական թեկնածուների՝ Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հասցեին որեւէ վատ բան ասելու նպատակով: Այս դեպքում ցուցակն այնքան էլ կարեւոր չէ՝ կարեւորը «պատրոնին» հաճոյանալն է՝ «կապիտուլյանտին» կամ «թալանչիներին» փնովելով:

Բայց կան 4-5 կուսակցություններ, որոնք կանցնեն ապագա խորհրդարան: Ընդ որում, կարծես թե, պարզ է, որ «Իմ քայլը», եթե անգամ մեծամասնություն ստանա, միեւնույն է, այսօրվա չափով մանդատներ չի ունենա: Շատ կցանկանայի, որ այն պատգամավորները, որոնց ես համակրում եմ, չընդգրկվեն առաջիկա ընտրությունների իմքայլական ցուցակում՝ պարտված թիմի մաս կազմելը վարկաբեկիչ է: Բայց եթե մարդը ցանկանում է վարկաբեկվել հանուն մանդատի, դա, իհարկե, իր գործն է:

Իհարկե, անիմաստ է սուրճի բաժակ նայելով, ենթադրություններ անել, թե ով որ ցուցակում է հայտնվելու: Բայց երբ դրանք կհրապարակվեն, հնարավոր կլինի որոշակի հետեւություններ անել: Օրինակ, եթե Փաշինյանն իր ցուցակում ընդգրկի «յուրային» օլիգարխներին, ապա դա կխոսի այն մասին, որ «լավագույն ավանդույթները» շարունակվում են՝ փողատերերն արդեն պաշտոնապես աջակցում են իշխանության քաղաքական նպատակներին՝ ստանալով դրա դիմաց լայն «պրախոդ» բիզնեսում:

Կամ՝ օրինակ, եթե Նաիրա Զոհրաբյանը չլինի ԲՀԿ ցուցակում, դա, ըստ ամենայնի, կվկայի այդ կուսակցության եւ իշխանության միջեւ եղած որոշակի պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ կկանխորոշի, թե ինչպիսին կարող է լինել իշխանական կոալիցիան, եթե, իհարկե, այդպիսի անհրաժեշտություն առաջանա:

Նման ձեւով հնարավոր կլինի հետեւություններ անել, որ եթե ՀՀԿ-ի ցուցակը չգլխավորի Սերժ Սարգսյանը՝ դա կխոսի այդ կուսակցության մտադրությունների լրջության աստիճանի մասին:

Նաեւ հետաքրքիր կլինի այս կամ այն գործչի «անսպասելի» ի հայտ գալը որեւէ անցողիկ ցուցակում: Դա հնարավորություն կտա գնահատելու տվյալ գործչի ոչ միայն ապագա, այլեւ նախորդ գործունեությունը:

…Քաղաքական վերնախավը, մի խոսքով, ապրում է իր մանր կրքերով: Թե որքանով են այդ կրքերը կապված մեր տխուր իրականության հետ, հարց է: Որքանով է իրավիճակի ողբերգական լինելը գիտակցվում մեր բնակչության մեծամասնության կողմից՝ դա արդեն լուրջ խնդիր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31