«Անպայման մասնակցելու ենք ընտրություններին որեւէ դաշինքով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սոցիալ-իրավական հավասարություն կուսակցության հիմնադիրներից Արմենուհի Գասպարյանը: Հարցրինք, թե ինչով են տարբերվում բազմազան այլ կուսակցություններից:
«Տարբերվում ենք իրականում նրանով, որ ուզում ենք գործ արած լինել, ոչ թե դատարկաբանությամբ զբաղվել, որովհետեւի առկա «ներկապնակում» համարյա բոլորը, չհաշված մի քանի լուրջ կուսակցություններ եւ մարդիկ, ուղարկի դատարկաբանում են ու քայլ չեն անում մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու, իրավական ոլորտը բարեկարգելու համար:
Ցավոք, այսօր երկրում շատ կառույցներ կամ լուծարվել են, կամ անհասկանալի վիճակում են գտնվում, նույնը կրթության, առողջապահության ոլորտներում է, արտադրական միավորումներում…Ամենուր անհասկանալի մթնոլորտ է, անհասկանալի պայմաններ, իսկ մենք ուզում ենք ռեալ գործ անել, ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք եթե կարողանանք կյանքի կոչել, երկիրը բավականին արագ ոտքի կկանգնի ու դուրս կգա ճգնաժամային վիճակից:
Իհարկե չենք ուզում ամպագոռգոռ բառեր հնչեցնել ռազմական իրավիճակի կամ արտաքին քաղաքականության հետ կապված, բայց երկրի ներքին, սոցիալական եւ իրավական վիճակը բարելավելու համար որոշակի ծրագրեր ունենք»,-ասաց նորաստեղծ կուսակցության հիմնադիրը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ որեւէ կուսակցության կամ քաղաքական ուժի հանդեպ հատուկ համակրանք չունեն. «Մենք համակրում ենք բոլոր այն ուժերին, որոնք հայամետ են եւ մտածում են Հայաստանի մասին…Մենք խիստ կողմնորոշում դեպի Ամերիկա, դեպի Եվրոպա կամ դեպի Ռուսաստան չունենք»:
Հավելենք, որ Սոցիալ-իրավական հավասարություն կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ