«Զարգացումները երևի թե կսկսեն ամսի 10-ից հետո, երբ հասկանալի կլինի՝ իսկապե՞ս վերջնական են արտահերթ ընտրությունները: Մինչ այդ տարբեր սցենարներ են քննարկվում, և ով գիտի՝ դեռ ինչ կլինի»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
Նա փաստեց՝ մեր առաջ կանգնած խնդիրներն անվտանգային են, և ամենամեծ խնդիրն Արցախի անվտանգությունն է: Նրա համար մտահոգիչ է այն, որ թշնամին նույնիսկ չի խորշում կիրակի օրով հայտարարություն անել, որ «հունիսին Խանկենդին իրենցն է լինելու»: Ամեն օր սահմանային գծերում փորձում են առաջ գալ: Նա շարունակեց. «Անվտանգության մեծագույն մարտահրավեր ունենք այն իմաստով հատկապես, երբ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն դադարել է լինել: Ապագայում նույնիսկ կստանձնի, թե՝ ոչ, անգամ սկսում է կասկածելի թվալ: Արդեն հասել ենք, խոսում ենք Սյունիքի մասին, դրանից հետո էլ Աստված գիտի»:
Թևան Պողոսյանը զգուշացրեց՝ այն ուժերը, որոնք կսկսեն նախկիններից խոսել, իր հետաքրքրության դաշտից հեռու են լինելու ու մանրամասնեց. «Բոլորս ապրել ենք նախկին Հայաստանում, շատ էլ լավ գիտենք, միգուցե ավելի լավ: Տեսել ենք նաև այն սխալները, որոնցով թույլ չտրվեց մեր միասնականությունը պահպանել և մնալ այդ հզորության մեջ, որ 2018-ին ունեցել ենք: Սրանից հետո ուզում եմ միայն ապագայի մասին կարծիքներ լսել»:
Խոսելով ռեյտինգային համակարգի մասին՝ Թևան Պողոսյանն ասաց. «Եթե նախկինում կար ռեյտինգային գաղափարը, կարելի էր որոշել, թե որտեղից, ով ինչ-որ ձևով մարդկանց է ներգրավել, հիմա այդ ցուցակներն էլ չկան: Այնպես որ, այդ թիմերի ներկայացումը և դեպի ապագա միտված քայլերը պետք է դառնան մեր ամենագլխավոր ուղեցույցը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ