Ինչպես տեղեկացրել էինք, ՀՅԴ անդամներ Տարոն Մանուկյանին, Սարգիս Կարապետյանին եւ Արշակ Սարգսյանին այսօր հրավիրել են Երեւան քաղաքի քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Aravot.am-ի հետ զրույցում նրանց շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասաց, որ նրանց երեքի նկատմամբ էլ ընտրվել է խափանման միջոց ստորագրությամբ չհեռանալը։
Պարոն Հարությունյանի ներկայացմամբ՝ երեքն էլ մեղադրվում են նույն հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն․«Որքանով հասկանում եմ՝ մեղադրանքը նրանում է կայանում, որ հայհոյանքներ են հնչել այդ օրը մեր տխրահռչակ վարչապետի հասցեին։ Հիշեցնեմ՝ ժամանակին գլխավոր դատախազն ասում էր՝ միայն հայհոյանքի համար քրեական պատասխանատվության չի կարելի ենթարկել, դա խուլիգանություն չէ։ Երկու տարվա մեջ դիրքորոշում է փոխել, ստացվում է քաղաքական համակերպում է՝ այն ժամանակ այդպես էր ձեռնտու, հիմա՝ այսպես։ Այն ժամանակ ձվերով, երբ հարձակվել էին «Հայելի» ակումբի գրասենյակի վրա, ձվերով հարձակվելը հանցակազմ չէր պարունակում, հիմա պարունակում է»։
Այս պահին, ինչպես պարոն Հարությունյանը տեղեկացրեց, հարցաքննվում է նույն գործով մեկ այլ մեղադրյալ՝ Մեսրոպ Եղիազարյանը, իսկ մյուսների հարցաքննությունն ավարտվել է․«Կարծում եմ՝ Եղիազարյանի դեպքում խափանման միջոցը նույնը կընտրվի։ Նշեմ, որ որեւէ մեկը ցուցմունք չի տվել, օգտվել են իրենց լռելու իրավունքից, քանի որ այս ամենը համարում են քաղաքական հետապնդում»։
Կարդացեք նաև
Հարցին՝ հարցաքննության ժամանակ քաղաքական հետապնդման տարրեր եղե՞լ են, փաստաբանը պատասխանեց․«Այդպիսի տարրեր չկային, չեմ էլ պատկերացնում, որ լինեին, հո չէի՞ն ծեծելու։ Նորմալ է ամեն ինչ։ Խնդիրը վերեւից է գալիս, միջին օղակում․․․ ես վերջին ամիսներին բազմիցս եմ նման հարցերով զբաղվել, մեր քաղաքացիների իրավունքներն եմ պաշտպանել, կարող եմ ասել՝ իրավական , դատական համակարգում, բարեբախտաբար, կան ողջամիտ մարդիկ։ Կարծում եմ այս գործերն ապագա չունեն, ուղղակի փորձում են մարդկանց կաղապարի մեջ դնել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ