«Առաջին բանը, որ պատրաստվում եմ անել, բողոքարկելն է վերաքննիչ դատարանում։ Բնականաբար, համաձայն չեմ այդ վճռի հետ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը` անդրադառնալով վարչական դատարանի այսօրվա որոշմանն այն մասին, որ ինքը պետք է հերքի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հասցեին արած հայտարարությունը եւ վճարի փոխհատուցում։
«Չեմ պատրաստվում հերքում տարածել արածս հայտարարությունների վերաբերյալ։ Ես հղում եմ արել Պավել Անդերսոնի հարցազրույցին, որում նա ասում է, թե որ պաշտոնյայից որքան կաշառք է ստացել` Հյուսիսային պողոտայում շահավետ պայմաններով կառուցապատում անելու համար։ Դրանք եղել են իր խոսքերը, ուստի ինձ համար հասկանալի չէ դատարանի դիրքորոշումը»,-հավելեց Արուսյակ Ջուլհակյանը։
Լուիզա Սուքիասյան