Տոկիոյի օլիմպիական լողավազանում 46 երկրի 255 մարզիկների մասնակցությամբ անցկացվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող աշխարհի գավաթի խաղարկությունը:
Հայաստանը ի դեմս Վլադիմիր Հարությունյանի եւ Վարդան Բայանդուրյանի ներկայացված էր թե 10 մետր սինքրոն աշտարակացատկում, թե նույն մրցաձեւի մենացատկերում: Սինքրոն ցատկում վարկանիշ նվաճելու համար պահանջվում էր տեղ զբաղեցնել առաջին յոթնյակում, իսկ մենացատկերում՝ 18 ուժեղագույնների շարքում:
Մեր ջրացատկորդներն արդեն ավարտել են մրցելույթները եւ, ավաղ, պահանջվող տեղերը չեն կարողացել զբաղեցնել: Սինքրոն ցատկերում մեր երկյակը 17 զույգերի պայքարում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, մենացատկերում Վարդան Բայանդուրյանը բավարարվել է 25-րդ, իսկ Վլադիմիր Հարությունյանը՝ 40-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ