Մայիսի 3-ին ԱԳ նախարարի պ.կ. Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամմադ Սալեհի և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր նաև Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեհան Հաննա Այուբը:
Ողջունելով հյուրերին՝ Արա Այվազյանը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանականների նման ներկայացուցչական պատվիրակության այցը նոր էջ է բացելու դարավոր բարեկամության ավանդույթներով միահյուսված հայ-իրաքյան հարաբերություններում:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ամրապնդման գործում: Այս համատեքստում բարձր գնահատվեց իրաքահայ համայնքի դերը՝ որպես միջպետական բարեկամության զարգացման ամուր օղակ:
Մտքեր փոխանակվեցին մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրաքի խորհրդարանականները հանգամանալից անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն հայտնեց Թուրքիայի՝ հարևան տարածաշրջաններ անկայունություն սերմանելու և արտահանելու քաղաքականության առնչությամբ:
ՀՀ ԱԳՆ