Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան առողջության բնագավառում պետության կողմից իրականացված քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել. ՀՔԱՎ-ի մշտադիտարկման արդյունքները

Մայիս 03,2021 18:13

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում պետական քաղաքականությունը և այդ իրավունքների ապահովման վիճակը գնահատելու նպատակով իրականացված 2018-2020 թթ․-ի ԶԼՄ-ների հրապարակումների հերթական մշտադիտարկման արդյունքները։

Մշտադիտարկված 16 կայքէջից հավաքագրվել և ուսումնասիրվել է հոգեկան առողջության ոլորտի վերաբերյալ 1272 հրապարակում, որոնցից 40-ը տարածվել է պետական մարմինների պաշտոնական կայքէջերով, 1232-ը՝ ԶԼՄ-ներով։ Պետական մարմինների պաշտոնական էջերով ոլորտի վերաբերյալ հրապարակումների թիվը 2017 թ․ համեմատությամբ նկատելիորեն նվազել է․ միևնույն ժամանակ առավել մեծ թվով հրապարակումներ տարածվել է ՀՀ առողջապահության նախարարության կայքէջով։

2018–2020 թթ․-ին հավաքագրված հրապարակումներից 222–ը անդրադառնում են ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրներին, որոնք արդեն իսկ առկա էին 2017-2020 թ.թ. հրապարակումներում։ Այսինքն՝ հոգեկան առողջության բնագավառում պետության կողմից իրականացված քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Հավաքագրված 1272 հրապարակումներից 229-ը քրեադատավարական գործողությունների վերաբերյալ են․ չնայած ըստ տարիների այդպիսի հրապարակումների թիվը մոտ 2-3 անգամ նվազել է, այնուամենայնիվ դրանք դեռևս շարունակում են զգալի  թիվ կազմել։

Հրապարակումներից 141-ը նպաստում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը, 2-ը՝ դրական, չեզոք բնույթի հրապարակումների թիվը եղել է 1129։

2018-2020 թթ․-ին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պիտակավորող, նրանց նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորող հրապարակումների թիվը կազմում է մոտ 9%, որոնցում օգտագործվել են այնպիսի խարանող եզրույթներ, ինչպիսիք են՝ «հոգեկան հիվանդ», «հոգեխախտ», «շիզոֆրենիկ», «հոգեկան շեղումներ ունեցող», «նևրոտիկ» և այլն։

Այս ընթացքում ԶԼՄ-ներով տարածվել են 27 հրապարակումներ, որոնք անդրադարձել են ՀՀ-ում անձի իրավունքների հնարավոր խախտումներին, մասնավորապես՝ առողջության պահպանման, խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հնարավոր խախտումներին։

Անձի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը խախտող հրապարակումների թիվը 2017 թ․-ի համեմատությամբ գրեթե կիսով չափ նվազել է, ինչը դրական միտում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսակետից։

Չնայած դրան՝ մեծ թիվ են կազմում shamshyan.com կայքի տեղեկատվության հիման վրա հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հրապարակումները, որոնք նույնպես խախտում են անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։ Այսպես՝ տարածվել է այդպիսի 25 հրապարակում, որը կազմում է ԶԼՄ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա նույն ժամանակահատվածում անձնական տվյալների պաշտպանության իրավունքը խախտող հրապարակումների 50%-ը։

Ամփոփելով՝ ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ թեև հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնվում է ինչպես պաշտոնատար, այնպես էլ ոչ պաշտոնատար անձանց կողմից, այդուհանդերձ, պետական քաղաքականությունը արմատական փոփոխության չի ենթարկվել, ինչը հանգեցնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների շարունակական խախտումներին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31