«Նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներն ընտրություններին մասնակցելու մասին իրենց հայտարարություններով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին եւ այս իշխանությանը։ Եթե մի կողմ քաշվեն, այս իշխանությունը կպարտվի ընտրություններում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Նիկոլ Փաշինյանն ունի մոտ 15% ձայն, մնացածներն իրենը չեն։ Մնացածն ընտրում են, որպեսզի նախկինները չգան։ Իմացեք՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, կարող է շնորհակալություն ասել նախկին իշխանությանը»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը։
Կարդացեք նաև
Նա վստահ է, որ եթե նախկինները չմասնակցեն, իր ուժը կհաղթի ընտրություններում։ «Եթե չլինի սպառնալիք, որ «գելերը գալիս են ձեզ ուտեն, ընտրեք գելխեղդներին», այս հարցը չի լինի։ Ուրիշ բան ասեմ։ Փաշինյանն ասում է, որ իրենք գելխեղդներն են, որոնք խեղդելու են գելերին։ Բայց սա միակ դեպքն է, որ եթե գելխեղդները չլինեին, ժողովուրդը վաղուց գելերի հարցը լուծել էր»,-հավելեց Էդմոն Մարուքյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ