«Եթե մի բան ենք պայմանավորվում ժողովրդի հետ, ուրեմն դա ենք անում, մեր պայմանավորվածությունը խորհրդարանն արձակելու մասին ժողովրդի հետ է, ոչ թե Փաշինյանի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այսօր վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Նիկոլ Փաշինյանի այսօրվա ակնարկին այն մասին, որ եթե քաղաքական պայմանավորվածություն խախտվի, եւ վարչապետի այլ թեկնածու առաջադրվի, ապա «Իմ քայլը» կընտրի Փաշինյանին որպես վարչապետ, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե ԼՀԿ-ն գործարքի մեջ է իշխանության հետ, այդ պատճառով չի առաջադրում վարչապետի թեկնածու՝ Մարուքյանը կրկնեց, որ պայմանավորվածություն կա ընտրությունների անցկացման վերաբերյալ․ «Պայմանավորվել ենք խորհրդարանն արձակել, որ ընտրություններով ճգնաժամը հանգուցալուծվի։ Եթե խաթարենք, դա կնշանակի՝ չենք ուզում, որ ժողովուրդը որոշի, թե ով է երկիրն այս վիճակից հանելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ