Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության եւ Freedom House-ի վարկանիշով հետընթաց ունենք». Բորիս Նավասարդյան

Մայիս 03,2021 16:30

«Մյուս տարի նշելու ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը 30-րդ անգամ: Համաշխարհային լրագրողական ընտանիքը բավական երկար ճանապարհ է անցել: Նաեւ շատ կարեւոր է, որ ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է հիմնական թեման: Այս տարվա թեման մայիսի 3-ի հետեւյալն է` «Լրատվությունը որպես հանրային բարիք»,- «Մեդիա կենտրոնի» առցանց քննարկման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով, «Հայաստանում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության եւ Freedom House -ի վարկանիշով մի փոքր հետընթաց ունենք, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Առաջինն այն է, որ համավարակի եւ 44-օրյա պատերազմի հետ կապված իրավիճակի այնպիսի կարգավորումներ վերցրին, որոնք, իմ գնահատմամբ, արդյունավետ չաշխատեցին եւ չնպաստեցին, որպեսզի տեղեկությունը որպես հանրային բարիք իր նշանակությունը եւ դերակատարությունն ունենա:

Հաջորդ խնդիրն այն է, որ մինչեւ այսօր լրատվամիջոցների ոլորտում չունենք հստակ քաղաքականություն, ինչ բերում է նրան, որ բավականին շատ են պատահական նախաձեռնությունները` ԶԼՄ-ների գործունեությունը օրենսդրորեն կարգավորելու առումով, այն դեպքերում, երբ այդ օրինագծերը բավարար պրոֆեսիոնալ մշակված չեն, չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, իսկ դա անմիջականորեն անդրադառնում է Հայաստանի վարկանիշի վրա:

Ես ունեմ մտահոգություններ, որ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այժմ մշակվում են, կամ նոր են մտնում շրջանառություն, իրենց մեջ ներուժ են պարունակում նաեւ 2022-ին արձանագրելու, որ 2021-ը խոսքի ազատության տեսակետից նահանջ էր Հայաստանում, մանավանդ բոլորս ակնկալում ենք բավականին թեժ նախընտրական պայքար եւ հետընտրական զարգացումներ: Միշտ երբ ընտրություններն այնպես չեն անցնում, ինչպես մենք երազում ենք, կամ գոնե այնպես, ինչպես ստացվեց անցկացնել 2018թ դեկտեմբերին, այդ ընտրական գործընթացները նույնպես նպաստում են նրան, որ խոսքի ազատության առումով նահանջ ունենանք»:

Բորիս Նավասարդյանը հավելեց նաեւ. «Չնայած հոռետեսական կարծիքներ ներկայացրի, բայց ցանկանում եմ, որ դրանք չիրականանան եւ ունենանք բոլորովին այլ պատկեր, քան խոստանում են միտումները մեր կյանքում»:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով, արդեն տասը տարի իրենց կազմակերպության կարգախոսը հետեւյալն է. «Ինֆորմացիան ուժ է` հանրային բարիքի համար: «Եվ այսօր, երբ տեսա թե ինչ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարել այս տարվա թեման, մտածեցի, որ երեւի թե մեր բոլորի մտածմունքը հենց դա է, որովհետեւ ինֆորմացիան ի վերջո պետք է ծառայի նրան, որպեսզի հանրությունը լինի ավելի լավը, դեմոկրատ, եւ հասարակության մեջ լինեն այնպիսի հարաբերություններ, որոնք երկրին, հասարակությանը կօգնեն զարգացում ապրել: Այդ իմաստով, կարծում եմ, որ ոչ միայն նահանջ ենք ապրում, այլեւ չենք պատկերացնում, թե ինչպես պետք է գնանք առաջ»,-ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31