Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դատախազության միջնորդագրի արդյունքում միջոցներ են ձեռնարկվում համայնքային ծառայությունում շահերի բախման  դրսևորումները բացառելու ուղղությամբ

Մայիս 03,2021 16:40

ՀՀ ՔԿ Մասիսի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Այնթապ համայնքի մի բնակչուհի 2012թ. դեկտեմբերին մասնակցել է Զորակի համայնքապետարանում կայացած աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի թափուր պաշտոնի մրցույթին, ճանաչվել հաղթող և համայնքի ղեկավարի որոշմամբ նշանակվել այդ պաշտոնում: Պարզվել է, որ աշխատանքի նշանակման օրվանից մինչ ազատման օրը՝ 2018թ. մայիսի 26-ը, վերջինս փաստացի չի հաճախել աշխատանքի, չի կատարել իր վրա դրված պարտականությունները, սակայն Զորակ համայնքի ղեկավարի ապօրինի ցուցումներով աշխատակազմի մի շարք այլ աշխատակիցների կողմից կազմված կեղծ հաշվապահական փաստաթղթերի հիման վրա համայնքապետարանի միջոցներից նրան վճարվել է ընդհանուր շուրջ 4մլն ՀՀ դրամ գումար, այդ թվում՝ աշխատավարձ, պարգևավճարներ, պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ:

2020թ. փետրվարի 23-ին դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և գործն ըստ մեղադրանքի՝ համայնքի ղեկավարի և երկու աշխատակիցների, ուղարկվել է դատարան։

Քրեական գործով նախաքննության ընթացքում պարզվել է, որ  2012թ. դեկտեմբերի 4-ին կայացած՝ վերոնշյալ մրցույթի ժամանակ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված է եղել հաղթող ճանաչված անձի տատը, որն այդ պահի դրությամբ զբաղեցնում էր Արարատի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի պետի պաշտոնը:

Նկատի ունենալով, որ քննության արդյունքում ձեռք չեն բերվել վերջինիս կողմից հանձնաժողովի որոշման վրա թոռնուհու հաղթանակը կանխորոշող հանցավոր ներազդեցության մասին վկայող տվյալներ՝ որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Արարատի մարզի դատախազությունում գործի նյութերի և համայնքային ծառայությունում պաշտոն ստանձնելու ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ վերջիններով նախատեսված չէ հանձնաժողովի անդամ հանդիսացող անձի հանրային և մասնավոր շահերի միջև առկա կամ հնարավոր հակասություններին՝ շահերի բախմանը վերաբերող իրավակարգավորումներ:

Այս հանգամանքը խնդրահարույց է, քանի որ խաթարում է հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական լիազորություններն անկողմնակալ, անաչառ և մասնավոր շահերից զերծ կատարելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինավորության նկատմամբ հանրության վստահությունը: Թեև շահերի բախումը զուտ փաստի ուժով չի համարվում կոռուպցիա, սակայն պաշտոնատար անձանց մասնավոր շահերի և պաշտոնեական պարտականությունների միջև բախումները պատշաճ կերպով չկառավարվելու դեպքում կարող են հանգեցնել կոռուպցիոն դրսևորումների:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը միջնորդագրով դիմել է  ՀՀ  տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ նկարագրված հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու, համանման դեպքերը կանխելու, ինչպես նաև համայնքային ծառայությունում պաշտոն ստանձնելու ոլորտում շահերի բախմանն առնչվող կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով քննարկման առարկա դարձնել ՀՀ մարզպետարաններում, միջոցներ ձեռնարկել հիմնախնդիրը կարգավորելու իրավական մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Նախարարի կողմից տրված հանձնարարության հիման վրա միջնորդագիրը քննարկվել է ՀՀ մարզպետարանների կողմից, այդ թվում նաև՝ համայնքների ղեկավարների ներգրավմամբ: Մարզպետների կողմից հավաստիացվել է, որ խնդիրը վերցված է հսկողության տակ, հետայսու միջոցներ կձեռնարկվեն համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու գործընթացներում պաշտոնատար անձանց մասնավոր շահերի և պաշտոնական պարտականությունների միջև շահերի բախումները  բացառելու ուղղությամբ: Ներկայացվել են առաջարկություններ հանրային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացներում շահերի բախման հետ կապված իրավահարաբերություններն առավել հստակեցնելու, նման ռիսկերը բացառելու նպատակով ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31