Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպորտը սովորեցնում է դիմակայել դժվարություններին, ուժեղ մնալ». Տավուշում կայացել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշար

Մայիս 03,2021 16:06

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Հաղթանակ համայնքից, որտեղ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետևել է «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնած՝ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, ապա ծանոթացել վերոնշյալ ու հարակից համայնքների սպորտային ենթակառուցվածքներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախ հուշամրցաշարի պատվավոր հյուրերի և մասնակիցների հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարին: Հաջորդիվ ԿԳՄՍ փոխնախարարն Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանի, Սիփան Փաշինյանի, Սարգիս Ալեքսանյանի, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ հետևել է արդեն 28-րդ անգամ անցկացվող հուշամրցաշարի եզրափակիչ խաղին, որում Բագրատաշեն համայնքի թիմը հաղթել է Այրում համայնքի թիմին: Կարեն Գիլոյանը, շնորհավորելով հուշամրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին, ընդգծել է դրա կազմակերպման կարևորությունը:

«Սպորտն այն կարևոր ոլորտներից է, որում գրանցվող մեծ ու փոքր հաղթանակները վերականգնում են սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը: Սպորտը սովորեցնում է դիմակայել դժվարություններին, ուժեղ մնալ և չհուսահատվել: Փառք ու պատիվ մեր հերոսներին և շնորհակալություն հուշամրցաշարի կազմակերպիչներին, մասնակիցներին՝ հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակը վառ պահելու համար: Նրանց հերոսության դիմաց մեզանից յուրաքանչյուրը նվազագույնը, որ կարող է անել, իր գործը լավագույնս կատարելն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հավելել, որ մրցաշարը նպաստում է նաև մարզում սպորտային կյանքի զարգացմանը:

Հուշամրցաշարի աջակից «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը. «Այս մրցաշարում հաղթողներ և պարտվողներ չկան. հաղթել է միասնությունը՝ հերոսների հիշատակը հարգելու գործում։ Փառք մեր հերոսներին… Իրապես, շատ անելիք ունենք, ապրելով և ազնիվ աշխատանքով յուրաքանչյուրս մեր միջավայրում պետք է վառ պահենք հերոսների հիշատակը»:

Մարզային այցի շրջանակում Կարեն Գիլոյանը Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանի ուղեկցությամբ եղել է համայնքի մարզադպրոցում, որտեղ ծանոթացել է շենքային և գույքային պայմաններին, քննարկել դրանց բարելավման հնարավոր ուղիները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և մի շարք համայնքապետերի հետ քննարկել է նաև մարզում սպորտային կյանքի զարգացմանը, ենթակառուցվածքների առկա խնդիրներին և դրանց լուծմանը վերաբերող հարցեր: Կարեն Գիլոյանը մասնավորապես նշել է, որ սպորտային գերատեսչությունը կարևորում է մարզերում ժամանակակից պահանջներին համապատասխան ենթակառուցվածքներ ունենալը, ուստի կանի հնարավորը՝ Հաղթանակ համայնքի մարզադաշտի բարեկարգմանը, համայնքային մարզադպրոցներին և մարզադահլիճներին գույքային աջակցություն տրամադրելու համար:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31