Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը մտահոգված է՝ եթե անգամ մինչև 2018 թվականը Թուրքիայի հետ հարաբերվելը հարցեր էր առաջացնում, իր բնորոշմամբ՝ այս կաթվածահար վիճակո՞ւմ ոնց պետք է հարաբերվենք:
«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նա այս առիթով նշեց. «Գիտակցում ենք, չէ՞, որ մեր աչքի առաջ է Աջարիայի իրավիճակը, Սիրիայում, Լիբիայում ինչ է կատարվում: Պետք է բոլորս գիտակցենք, որ երբ Ալիևն ասում է՝ գնալու ենք հասնենք Երևան, չեմ ասում՝ տանկերով ենք գնալու, հասնենք, բայց գնալու ենք: Սա նշանակում է՝ կա սցենար, մարդիկ նստել, քննարկել են: Մարդիկ քննարկել են, չէ՞, որ ինքն իր հարցազրույցներում ասում է: Դա լինելու է տնտեսական էքսպանսիայի միջոցով, դրա համար ձևավորել է պաշար, որ մեզ վրա ճնշում գործադրի: Դրա տարրերից մեկը մեր գերիներն են, որով մեզ վրա ճնշում է գործադրում: Եթե մինչև ընտրությունների շրջանակում մենք տեսնենք, որ հանկարծ պարզապես օդում անհասկանալի ձևով գերիներ են մեզ սկսել փոխանցվել, ես այստեղ էլ եմ սկսելու կասկածել՝ արդյոք դա ադրբեջանական ծրագրի իրականացո՞ւմն է, թե մեր ջանքերի արդյունքը»:
Թևան Պողոսյանը չի բացառում, որ Ալիևը կարող է փորձել որոշել ինչ-որ մեկ թեկնածուի քաղաքական թիմի համար դրական ազդեցություն գործել: Նա պարզաբանեց. «Ցանկացած պարագայում այդ գերիներին չի վերցրել նրա համար, որ առանց որևէ նպատակի հասնելու վերադարձնի: Մինչև հիմա ինչ էլ եղել է, եղել է դրա դիմաց վճար. կամ գերի ենք տվել, կամ զիջումների գնացել: Միևնույն է, այդ վճարը մեր հաշվին է լինելու: Որևէ մեկը կբանակցի, ինչ-որ վերադարձ հնարավոր է լինի, միևնույն է, դրա համար վճար է լինելու, որը վճարելու է Հայաստանը: Գուցե պայմանագրի ստորագրում և այլն»:
Ըստ Թևան Պողոսյանի՝ մենք պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա: Իսկ դա կարող է լինել երկու ձևով. կամ նույն թվով գերիներ ենք վերցնում և փոխանակում բոլորը բոլորի դեմ սկզբունքով, կամ ինչ-որ բան ենք ձևավորում, որը մեծ ցավ է պատճառում Ադրբեջանին: Օրինակ՝ միջազգային դաշտում օրենք ընդունել կամ սանկցիաներ կիրառել, բայց ըստ Թևան Պողոսյանի՝ մինչև հիմա նման երևույթների չենք հասել:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ