Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ, որ լիազորություն ունենայինք պատերի տակ գնդակահարեինք…». Փաշինյանը վստահեցնում է՝ իր որդին եղել է առաջնագծում, ընկերը զոհվել է, ինքը՝ փրկվել

Մայիս 03,2021 15:38

«Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել: Այդ համակարգը հիմնված է եղել նախեւառաջ հայ-ռուսական համատեղ զորախումբ եւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալու վրա»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցադրումներին:

Նրա խոսքով՝ բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են ի ցույց դնել, թե Սյունիքի մարզի համար անվտանգության խնդիրներ են ստեղծվել, իրավիճակը ճիշտ չեն գնահատում, որովհետեւ տեղի է ունեցել հակառակը. «Գոյություն ունի պայմանագիր: Հասկանում եմ, որ կա անհրաժեշտություն, առաջիկայում ես առիթ կունենամ…, չնայած այդ պայմանագիրը հրապարակված է: Հարց հնչեց Սյունիքի անվտանգության 102 ռազմաբազայի վերաբերյալ: Գաղտնիք չի, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել ու դա լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի ու ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Անվտանգային համակարգը, որը մենք ունեցել ենք, տարածվել է ՀՀ սահմանների վրա»:

Նա ասաց, որ կա մոլորություն. «Օրինակ, ասվում է, որ բանակցային գործընթացում ով կառուցողական մոտեցում է ցուցաբերում՝ ճնշումների չի ենթարկվում: 2011-ին Կազանում Ադրբեջանը համաձայնեցված փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել: Դրանից հետո 2014-ին Ադրբեջանը խոցեց հայկական ուղղաթիռ, 2015-ին աննախադեպ ծավալի հասցրեց սահմանային էսկալացիան, 2016-ին սկսեց պատերազմ ու դրա արդյունքում Ադրբեջանին սկսեցին ճնշե՞լ: Ոչ, տեղի ունեցավ հակառակը»:

Փաշինյանն ասաց, որ եթե ասում են՝ պատերազմը «օդից ընկել» է, բա 2016-ի ամռանն ի՞նչ է տեղի ունեցել: 20 տարի խոսել են, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելը բերելու է անշրջելի հետեւանքների, ինչի՞ էին ասում, ընդ որում, դուրս են թողել՝ հանուն իշխանության. «Որ մեծ-մեծ խոսում են, հազիվ առիթ է, եկեք տեսնենք 1999-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում կոնսենսուսով ինչ է ընդունվել: Փաստաթուղթ, որը կոչվում է «Եվրոպայում անվտանգության խարտիա»: Հայաստանը ամենաբարձր մակարդակով մասնակցել է եւ կողմ է քվեարկել: Ի՞նչ է գրված այնտեղ՝ մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պիտի ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաեւ վերոհիշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական եւ կրոնական ինքնության պաշտպանության եւ խթանման միջոցներ են՝ գոյություն ունեցող պետության ներսում»:

Փաշինյանն ընդգծեց, որ ԼՂ-ն դուրս են թողել բանակցային գործընթացից, ասել, որ նորմալ է, որ միջազգային հանրությունը ազատագրված տարածքները համարում է օկուպացված, գնացել Ստամբուլում կողմ են քվեարկել Եվրոպայի անվտանգության խարտիային ու հետո ի՞նչ են ուզում:

Անդրադառնալով հեղափոխությունից հետո տեղի ունեցած գործընթացին՝ նա ասաց. «Մենք որ ասել ենք՝ նույն կետից չենք սկսելու, ո՞րն էր նույն կետը՝ երբ որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ անընդունելի են Ադրբեջանի ակնկալիքները, հետո էլ ասում էր, որ մենք պիտի գնայինք գայինք, ասեինք՝ պատերազմը պետք է կանխել, ուրեմն այդ անընդունելի պայմանները ընդունե՞նք, հա՞: Ժողովուրդ ջան, եկեք խոստովանենք՝ մենք հուսահատ կռիվ ենք տվել այդ ամեն ինչի դեմ: Չենք հանձնվել, կռիվ ենք տվել: Այսօր կա այդ կռիվը, այնպես չի, որ կաբինետներում փակված ենք այդ կռիվը տվել: Դա նորմա՞լ է, երբ քաղաքական նպատակահարմարությամբ…ես ասացի, որ 5000 զոհ մենք չունենք, նորմա՞լ է, որ ասում են՝ 5000 զոհ տարավ-կոտորեց, 7000 մարդ տարավ-կոտորեց: Այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել, իմ որդին եղել է առաջնագծում, այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք կողքի, իրար մարմիններով կպած մարդ է եղել՝ զոհվել է: Որեւէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը, այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է: Մենք այնպիսի հուսահատ կռիվ ենք տվել, ինչպիսին հայ ժողովուրդը տվել է Ավարայրի դաշտում, Սարդարապատ ու տասնյակ այդպիսի օրինակներ»:

Նա ասաց, որ որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերը, որը կամավոր է մեկնել, նույն խրամատի մեջ, որտեղ եղել է իր որդին, զոհվել է ականանետի պայթյունից. «Արամ Մանուկյանի սերունդներն ենք մենք: Գուցե մեր սխալն այն էր, որ Արամ Մանուկյանի լիազորությունները չենք վերցրել, որ առաջնագիծ խաբար անողներին՝ թողեք եկեք, ի՞նչ գործ ունեք այդտեղ, կառավարության շենք…այ որ լիազորություն ունենայինք պատերի տակ գնդակահարեինք…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31