Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի Խաչատրյանները 13-րդ զավակն են ունեցել․ փոքրիկին ի պատիվ հերոսի՝ անվանել են Միսակ

Մայիս 03,2021 15:09

Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքում երեկ ծնվել է 13-րդ զավակը։ Նրան՝ ի պատիվ 44 օրյա պատերազմում նահատակված Միսակ Խաչատրյանի, անվանել են Միսակ։ Կապուտաչյա Միսակը ծնվել է Գյումրու ծննդատանը՝ 3 կիլոգրամ, 900 գրամ քաշով։ Ընտանիքը 6 աղջիկ, 7 տղա ունի։

Տանը տաղանդավոր երեխաներ են մեծանում՝ նկարչուհի, երաժիշտ․ մեծ աղջիկը 21 տարեկան է։

Փոքրիկ Միսակի մայրը՝ Լիլիթ Խաչատրյանն, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ նահատակված Միսակը իր տեգրոջ որդին է, նա 19 տարեկան էր, տան մինուճար որդին էր, երկու քույր ունի։ 5 ամիս փնտրելուց հետո փետրվարին ԴՆԹ -ով հաստատվել է, որ Միսակը մահացած է։

Նրա հայրը ևս եղել է բարձրաստիճան զինվորական, մասնակցել արցախյան առաջին պատերազմին, հայրը մահացել է, երբ տղան դեռ 3 տարեկան էր։

Միսակի հարազատները երկար ժամանակ սպասել են նրան՝ հույս փայփայելով, թե հնարավոր է գերության մեջ լինի նա, սակայն պարզվել է, որ նահատակվել է Արա Լեռից Ջաբրայիլ գնացող ճանապարհի վրա։ Նրանց «Արա լեռ» տեղանքից տարել են Ջաբրայիլ՝ մարտական առաջադրանք տալով, այդ ընթացքում, հարձակում է սկսվել, թեժ մարտերի ժամանակ էլ Միսակը զոհվել է։

39-ամյա Լիլիթ Խաչատրյանը նշում է, որ պատերազմից հետո յուրաքանչյուր հայ ընտանիք պիտի մտածի ազգի բազմացման մասին, սա թշնամու դեմ պայքարի ամենահզոր միջոցն է։ Լիլիթի ամուսինն արհեստավոր է, մի քանի օր առաջ արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ։ Ըստ նրա, հեշտ չէ ապրելը, բայց պատերազմում երեք սերունդ կոտորվել է, պիտի մտածել ազգը բազմացնելու մասին։

Նա ասում է, որ պետության աջակցությունն առանձնապես չի զգում, ցանկալի է, որ գոնե բնակարանային հարցերը լուծեն։

«Այսօր շատերն են խուսափում երեխա ունենալ՝ հենց սոցիալապես անապահով վիճակից ելնելով, պիտի խրախուսել։ Մարդիկ չեն կարող վաստակել իրենց օրվա հացը, բայց պարտավոր ենք ազգը շատացնել։ Պատրաստ եմ նորից երեխա ունենալ»,- ասում է Լիլիթը։

Նա նաև նշեց, որ իր երեխաներից մեկը հաշմանդամություն ունի, նրան չեն կարող հասարակական տրանսպորտով տանել ներառական կրթության, սակայն չեն էլ կարող մեքենա գնել ու գրանցել իրենց անունով, քանի որ պետությունն այդ դեպքում կկտրի նպաստը։

«Այս հարցերը գոնե պիտի լուծեն, մենք չենք ասում՝ մեզ համար ավտոմեքենա գնեք, մենք կլուծենք այդ հարցը, բայց գոնե չխանգարեն»,- ասում է Լիլիթ Խաչատրյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31