Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կարող ենք արագ տեմպերով հաղթահարել համաճարակը, կոչ եմ անում պատվաստանյութերի հետ կապված շահարկումներին չտրվել. Նիկոլ Փաշինյան

Մայիս 03,2021 15:02

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց, թե ինչի համար ենք հավաքվել: Ըստ էության, այո, մենք հավաքվել ենք, որպեսզի ի կատար ածենք այն պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Մինչ այդ քննարկումներ են եղել Հանրապետության նախագահի հետ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ սույն թվականի հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այսօր այս փուլն է՝ ընտրությունների առաջին փուլն է:

Հետևյալն եմ ուզում ընդգծել. այս ընթացքում շատ քննարկումներ, շահարկումներ են լինում այն մասին, որ ահա, ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում, այսպես ասած, այլ սցենար զարգացնել: Ես նախորդ անգամ ասել եմ այս ամբիոնից, որ եթե պայմանավորվածությունները խախտելու այդպիսի փորձեր լինեն, մենք ունենք պատրաստի լուծում՝ այդ դեպքում «Իմ  քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ: Եվ հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որևէ կերպ խախտելու փորձեր չեն արվի:

Բայց ես այսօր չեմ պատրաստվում, բնականաբար, որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալ: Ուզում եմ պարզապես, ձեր թույլտվությամբ, մեկ հարցի անդրադառնալ՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ:

Այսօր ես պատվաստվել եմ կնոջս հետ, կորոնավիրուսից և ուզում եմ բոլորին կոչ անել՝ անպայման պատվաստվել: Ազգային ժողովի պատգամավորներին էլ եմ խնդրում, որ պատվաստվեն, ընդ որում՝ լուսաբանեն այդ պատվաստման փաստը, որովհետև հիմա աշխարհում կա շատ լայն քննարկում, և կա մեծ հավանականություն, որ, ասենք, 2021 թվականի երկրորդ կեսից կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակումներ կարող են մտցվել: Հիմա քննարկվում է այդ հարցը: Որոշում կկայացվի՞, թե՞ ոչ՝ այս պահին դժվար է ասել, բայց մենք պետք է տեղյակ լինենք սրանից: Ինչո՞ւ 2021 թվականի երկրորդ կեսին: Որովհետև հիմա արդեն պատվաստանյութերի շուկան, այսինքն՝ մատակարարումները կարգավորվում են, հասանելիությունն ընդլայնվում է, և պատվաստման ամբողջական ցիկլն ավարտելու համար անհրաժեշտ է մինչև 2 ամիս ժամանակ:

Ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա ունենք պատվաստանյութի բավական մեծ պաշար ձեռք բերած, ընդ որում՝ տարբեր տեսակի պատվաստանյութերի, և հնարավորություն ունենք սկսել լայնածավալ պատվաստումները: Ընդ որում՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք հիմա թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կարող ենք արագ տեմպերով հաղթահարել համաճարակը: Եվ ինչո՞ւ է սա կարևոր:

Ես խոսեցի Հայաստանի չպատվաստված քաղաքացիների՝ դեպի արտերկիր մեկնելու հնարավոր սահմանափակումների մասին, այսինքն՝ սա նշանակում է, որ նույնիսկ բացասական պատասխանի դեպքում, եթե քաղաքացին պատվաստված չէ, կարող են լինել ճամփորդելու սահմանափակումներ: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ միջազգային տուրիստական գործակալությունների համար, որպես ուղղություն ակտիվացնելու համար, շատ կարևոր չափանիշ է ընտրված, թե տվյալ երկրում պատվաստումների ինչ մակարդակ է արձանագրվել: Հիմա արդեն Երևանի, Հայաստանի տարբեր զբոսաշրջային վայրերում կարելի է տեսնել, բարեբախտաբար, զբոսաշրջիկների, և եթե մենք պատվաստման ցիկլը ճիշտ կազմակերպենք, կարող ենք վերադարձնել 2019 թվականի ծավալները:

Շատ կարևոր է նաև, որ հյուրանոցները, հանրային սննդի օբյեկտները և սպասարկման ոլորտի ընկերությունները կազմակերպեն իրենց աշխատողների պատվաստման գործընթացը: Այսօր առավոտյան մենք Առողջապահության նախարարի հետ քննարկում էինք, որ գուցե պետական ինչ-որ տարբերանշան թողարկվի, որ այն ձեռնարկությունները՝ կլինեն ռեստորաններ, հյուրանոցներ և այլն, որտեղ աշխատողների 70 և ավելի տոկոսը պատվաստված է, այդտեղ նշվի, որ այդ ընկերություններում գտնվելը, նրանց ծառայություններից օգտվելը համեմատաբար կամ ընդհանուր առմամբ անվտանգ է:

Կոչ եմ անում նաև պատվաստանյութերի հետ կապված շահարկումներին չտրվել, որովհետև ասում են, օրինակ, 200 մլն պատվաստման դեպք է եղել և, օրինակ,  187 կամ 200 բողոք: Տարբեր: Նույնիսկ գրանցվել է ինչ-որ մահվան դեպք: Այսօր մտածեցի, որ  եթե 200 մլն մարդու ուղղակի սովորական խմելու ջուր տանք, որ ինքը խմի, այդ 200 մլն մարդու շրջանում, ջուր խմելուց հետո, կարող են լինել մարդիկ, որ կվատանան, վստահաբար, մարդիկ կլինեն, որ կմահանան, որովհետև, դժբախտաբար, մարդիկ մահանում են: Եվ կոչ եմ անում այդ քարոզչական տրյուկներին, հնարքներին չտրվել, հատկապես հանրային լիդերներին, առաջնորդներին կոչ եմ անում նաև սեփական օրինակով ի ցույց դնել այդ պրոցեսի կարևորությունը:

Շնորհակալ եմ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31