Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց, «կողմ» քվեարկեց 1 պատգամավոր

Մայիս 03,2021 14:49

Այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության, կամ ավելի շուտ՝ «չընտրության» հարցի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների շուրջ պայմանավորվածությունից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը խաղաղվել է, թեեւ հարաբերական անդորր է:

Նա իր ելույթում ասաց, որ ստիպված են այս խորհրդարանն արձակելու գործընթացը մեկնարկել, որովհետեւ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման այլ տարբերակ չկա. «Ընտրությունների կազմակերպման եւ թափանցիկությունն ապահովելու, ընտրակաշառք թույլ չտալու, բոլոր այն բարքերը, որոնք եղել են ընտրական գործընթացում, դա թույլ չտալու առաջին պատասխանատուն իշխանությունն է: Ընդդիմությունն ամեն ինչ անելու է, որ իր ունեցած մեխանիզմներով նույնպես թույլ չտա, որ ընտրական գործընթացը խաթարվի»:

Մարուքյանը կոչ արեց բոլոր հնարավորությունները ներդնել ու ատելության խոսքը, ուժի գործադրման սպառնալիքի խոսքը, բռնության հնարավոր դեպքերը բացառել եւ առանց ցնցումների ձեւավորել նոր խորհրդարան: Այս առումով նա առաջարկում է քաղաքական ուժերին միանալ իրենց մշակած տեքստին, որով պետք է քարոզարշավին ատելության, սպառնալիքի խոսք չկիրառել:

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու ասաց, որ պատրաստ են քննարկել այդ տեքստը, իսկ վարչապետի ընտրության հարցին, հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունը, ձեռնպահ կքվեարկեն:

ԱԺ հատուկ նիստը ԲՀԿ-ն բոյկոտում էր: Իսկ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելու հարցին «կողմ» քվեարկեց 1 պատգամավոր, «դեմ»՝ 3 եւ 75 «ձեռնպահ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31