Այսօր ԱԺ հատուկ նիստում Արման Բաբաջանյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց վերջին 3 տարիներին արտաքին քաղաքականության տապալումների մասին:
Փաշինյանը պատասխանեց, որ եթե նախկինում ԱՄՆ նախագահը, Վերին եւ Ներքին պալատները ճանաչեին Հայոց ցեղասպանության փաստը, առավոտից իրիկուն կլսեինք, թե ինչպես ՀՀ ղեկավարների հմուտ քաղաքականության արդյունքում տեղի ունեցավ անհնարինը, մի բան, որի համար հայությունը պայքարում է տասնամյակներ: Իսկ հիմա հակառակն է քարոզվում՝ իշխանությունները ամեն ինչ անում էին, որ այդ փաստը տեղի չունենար, բայց ի հեճուկս թրքասեր իշխանությունների՝ եղավ. «Ձեզ հայտնի մարդիկ, ընդհուպ, ճշտով ապրող մարդիկ իրենց կապերն օգտագործեցին, որ ԱՄՆ նախագահը, ով ձեզ հայտնի հեղինակության քրոջ տղայի հետ ջերմ հարաբերություններ ունի, ահա այդ փաստը օգտագործեցին: Մենք պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել, ինչու ԱՄՆ նախագահը ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ այդտեղ կա մի երկարաժամկետ գործոն, մի միջնաժամկետ եւ երկու կարճաժամկետ գործոն: Երկարաժամկետ գործոնը հայկական համայնքի եւ սփյուռքի հետեւողական աշխատանքն է: Միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է ու այս համատեքստում դիսոնանսը, որ առաջացել է: Կարճաժամկետ գործոններից առաջինը 44-օրյա պատերազմը եւ դրանում Թուրքիայի բացահայտ եւ ակտիվ ներգրավվածություն է, մյուս կարճաժամկետ գործոնը ՝ՀՀ-ի ժողովրդավարական երկիր լինելն է: Այս 4 գործոններն են, որ բերել են ԱՄՆ-ի այդ պատմական որոշման կայացմանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ