Լրահոս
Օրվա լրահոսը

Նաթան սրբազանը Ռամադանի, 14 դար իսլամի հետ ապրելու եւ ադրբեջանական վայրագությունների մասին

Մայիս 03,2021 14:25

«Սա վկայում է մեր միջեւ եղած բարեկամության մասին, ես ձեր անձնական մասնակցությունը շատ բարձր եմ գնահատում»,-այսպես դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանին` ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին` դեսպանության նախաձեռնությամբ կայացած «Ռամադանը՝ որպես սիրո և հանդուրժողականության ամիս» խորագրով վեբինարի ժամանակ։

Ահլամ ալ Սալամին ընդգծեց, որ վեբինարը նախընտրել են կազմակերպել այս ամսվա մեջ, քանի Ռամադանն իր մեջ ներառում է հանդուրժողականություն եւ մարդկային առաքինություններ, խթանում է բարեգործական գործունեությունը, այս ամսվա ընթացքում մարդիկ իրար աջակցում են եւ կանգնում միմյանց կողքի:

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի խոսքով, տեխնոլոգիական աղբյուրները լրացուցիչ պատասխանատվություն են տալիս` հասարակություններին ավելի շատ ուշադրություն դարձնելու առումով: Ահլամ ալ Սալամին ընդգծեց, որ Միացյալ Էմիրություններում պարտավորվել են խթանել բազմամշակութայնությունը, իրենց երկիրը դարձնել հանդուրժողականության, բարության երկիր` այս համատեքստում ընդունելով օտարներին, մերժելով անհանդուրժողականությունը, խտրականությունն ամբողջ աշխարհում:

Նաթան արքեպիսկոպոսը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին շնորհավորեց Ռամադանի առիթով` մաղթեց բարձրյալի օրհնությունները, ուժ եւ կարողություն հոգեւոր ուրախության շրջանն անցկացնելու համար:

Սրբազանը նշեց, որ 21-րդ դարում հաճախ է խոսվում հանդուրժողականության մասին, ու պատճառն այն է, որ մարդկության պատմությունը մի մեծ շղթա է պատերազմների, ժողովուրդների միմյանց դեմ կռվելու, մեկի հաղթանակի, մյուսի պարտության. «Ցավոք, մարդկությանը դաս չի եղել, որ այդ ամենը իզուր է կատարվում եւ ոչինչ հավիտենական չէ»:

Ռամադանի այս ամսվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը նշեց, որ գրեթե բոլոր կրոններն իրենց օրացույցում ունեն շրջաններ, երբ մարդիկ պահք են պահում, ինչը նպաստում է իրենց հոգեւոր զարգացմանը, խիղճը մաքրելուն, եւ իրական պահքն այն չէ, երբ հավատացյալն ընդամենն իր մարմինը զրկանքների է ենթարկում:

«Ես մի եկեղեցու զավակ եւ սպասավոր եմ, որն իր պատմությունն ունի ավելի քան 17 դար, եւ 17 դարերից 14-ի ընթացքում կողք կողքի ապրում ենք իսլամի հետ: Ցավոք, այդ ամբողջ ժամանակաշրջանում միշտ չի եղել, որ եղբայրական եւ բարեկամական հարաբերություններ ենք ունեցել, հատկապես միջնադարում, քրիստոնեության եւ իսլամի միջեւ կար հակասություն, եղել են պատերազմներ, կորուստներ եւ մահեր, ինչը պետք է դաս լինի այսօրվա մեր հարաբերությունների համար: Ավել ուշ շրջանում, ինչպես եւ այսօր, կրոնները եւ կրոնական զգացմունքները շատ քաղաքական ուժերի կողմից դժբախտաբար օգտագործվում են որպես միմյանց նկատմամբ ատելություն սերմանելու զենք:

Կրոնը նման պարագայում չարագործների ձեռքում շահագործվող գործիք է դառնում, դրա լավագույն օրինակն ու ապացույցն է 20-րդ դարի սկիզբը, մեր հայոց պատմությունը, որ կրոնի ճշմարիտ հավատացյալի համար սիրո եւ համերաշխության առարկա է, ոչ թե թշնամության: Մենք այդ հիմնական փոփոխությունը մեր կյանքում զգացինք 1915-ից սկսած, այն ժամանակ, երբ Օսմանյան Թուրքիայում տեղի էր ունենում հայերի ցեղասպանությունը, եւ հիմքերից մեկն էլ այն էր, որ հայերը քրիստոնյա էին: Մինչև հիմա էլ լսվում է այն ձայնը, որ հայերին անվանում էին գյավուր եւ հայտարարում, որ գյավուրին պետք է վերացնել, բայց դա ճշմարիտ հավատացյալի ձայնը չէր: Հայ ժողովուրդը մահից փրկվելու համար բռնում էր գաղթի ճանապարհը դեպի ուրիշ երկրներ: Առաջին նրանց ապաստան եւ կյանք ապահովող երկրների թվում իսլամական երկրներն էին, որոնք առաջնորդվում էին ճշմարիտ հավատով ու մարդկային բարձր գիտակցությամբ»,- ասաց Նաթան արքեպիսկոպոսը:

Իբրեւ օրինակ, Նաթան սրբազանը նշեց, որ Իրաքում, Սիրիայում, Ծոցի ալ երկրներում, Իրանում եղած հայկական համայնքները ամենածաղկունն են. «Ահավասիկ, որ նույն բարիքը ինչպես կարելի է իբրեւ չարիք օգտագործել, եւ ինչպես է այն ճշմարիտ հավատացյալը դարձնում է իրական բարություն: Սա կարեւոր է մեզ համար, եւ կարեւոր է, որ աշխարհն էլ իմանա, մանավանդ այսօր, երբ շատ քաղաքական ուժերի կողմից կրոնը շահարկվում է իբրեւ մարդկության դեմ զենք: Տեսեք, թե ինչքան մարդիկ են տուժում այս պատճառով»:

Նաթան սրբազանի ձեւակերպմամբ, այսօր հանդուրժողականության պակաս կա, բայց նաեւ պետք է հասկանալ, թե ինչ ասել է իրական հանդուրժողականություն, որովհետեւ անհանդուրժելին անկարելի է հանդուրժել, անտանելին անհնար է տանել, հանդուրժողականությունն էլ չի կարող օրենքի ուժով ստիպել մարդկությանը: Նա այլ օրինակներ բերեց՝ նշելով, որ երբ Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին 10-րդ դարի տաճար էր վերանորոգում, դա ոչ թե օրենքի ուժով, այլ ճշմարիտ հավատքի ուժով էր անում:

«Երբ էրդողանը Կստանդնուպոլսի սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարը 21-դարում վերածում էր մզկիթի, օրենքով չէր առաջնորդվում, այլ իր չարագործությամբ: Եթե անգամ Ադրբեջանը ստորագրած լիներ հանդուրժողականության մասին կոնվենցիա, միեւնույն է, էլի 3 օրվա ընթացքում 6000 հայկական խաչքարեր էր վերացնելու: Իսկ այն, ինչ այսօր Արցախում կատարվում է՝ օրենքի ուժով չէ: Միայն ճշմարիտ հավատքի եւ մարդկայնության ուժով կարող է կանգնեցվել այդ ամենը: Կրոնական հանդուժողականությունը գալիս է ճշմարիտ հավատքից: Երբեք որեւէ կրոնի իրական հավատացյալը չի կարող հանդուրժող չլինել մեկ այլ կրոնի իրական հավատացյալի հանդեպ եւ չհարգել նրա կրոնական զգացմունքները, նույնիսկ անհավատի նկատմամբ անհանդուժող լինել չի կարելի…Նույն արարիչը, որ արարել է բոլոր մարդկանց, չի կարող հանդուրժել, որ մեկի պատճառով մյուսի կյանքին վտանգ սպառնա, չի կարող արդարացնել իբր հավատքի պատճառով եղբայրասպանությունը»,- ասաց Նաթան սրբազանը:

Ահլամ ալ Սալամին նշեց, որ շատ ազդված է Նաթան սրբազանի խոսքից, նա եւս ընդգծեց, որ հանդուժողականությունը միայն բարոյական պարտավորվածություն չէ, այն նաեւ քաղաքական եւ իրավական պարտավորվածություն է: «Մենք պարտավոր ենք մարդկանց շրջանում տարածել այս արժեքները, հատկապես որ հանդուրժողականություն առկա է բոլոր կրոններում»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31