Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, տեղեկացել ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերի ու նախագծերի մասին:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձ է եղել նաև ոլորտի խնդիրներին և առաջնահերթություններին: Նշվել է, որ Հայաստանում կա մի շարք մասնագիտությունների, մասնավորապես, ռեստավրատորների, միջնադարագետների, ցուցադրությունների համադրողների պահանջարկ, կարևորվել է մեր երկրում այս մասնագետների պատրաստման խնդիրը:
Վահան Տեր-Ղևոնդյանը ներկայացրել է նաև նոր հրատարակությունները, տեղեկացրել, որ ևս մեկ ալբոմ է հրատարակության պատրաստվում Արցախի և Ուտիքի միջնադարյան ձեռագրական ժառանգության մասին:
Տիկին Սարգսյանը կարևորել է Մատենադարանի դերը հայկական մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման, աշխարհին այն ավելի տեսանելի դարձնելու գործում՝ իր կողմից ամենայն աջակցության պատրաստակամություն հայտնելով: Նա առանձնահատուկ ջերմությամբ է հիշել Մատենադարանում իր աշխատանքային տարիները և հատկապես այն ժամանակվա տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի նվիրված աշխատանքը:
Կարդացեք նաև
Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ տիկին Նունե Սարգսյանն այցելել է նաև Մատենադարանի ձեռագրատուն, ծանոթացել իր նախնիների՝ 19-րդ դարի հայտնի հասարակական գործիչներ, բանահավաքներ Արիստակես և Երեմիա Տևկանց եղբայրների ձեռագրերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ