Լրահոս
Օրվա լրահոսը

«Քնապարկերով եկել ենք, այստեղ ենք գիշերելու». Քաշաթաղի ու Քարվաճառի տեղահանված բնակիչները պահանջում են Փաշինյանին

Մայիս 03,2021 13:55

Այսօր այն պահին, երբ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչները կառավարության առաջ բողոքի ցույց էին անում: Նրանք պահանջում են վերջապես լուծել իրենց բնակարանի հարցը եւ ոչ թե Արցախում, այլ՝ Հայաստանում տուն տալ:

«Տղամարդիկ իրենց մի ձեռք հագուստով Ջեբրայիլ են պահել, Իշխանաձոր են պահել, իսկ կանայք դուրս են եկել ամենավերջին օրերին: Եվ հիմա այս մարդկանց նորից համոզել՝ գնում եք Մարտակերտի ամենահեռու գյուղերում հող մշակեք, տուն կառուցեք, դա չլինող բան է: Ասում են՝ տունը կսարքեք, գույքն էլ կտանք: Բայց եթե չգնաք՝ ոչ մի բան չեք ստանա: Այդ որոշումները որ կայացնում են՝ թող մեզ հետ համաձայնեցնեն: Մենք ի վիճակի չենք հոգեբանական այդ վիճակում նորից վերադառնալ Ղարաբաղ ու տուն-տեղ դնել»,-ասում էին տեղահանված բնակիչները, որոնց խոսքով՝ մեկ ձեռք հագուստով տանից դուրս են եկել:

«Տունս վերանորոգեցի, վարկ վերցրի, որ ամեն ինչ նորը լինի, երեխաներս վայելեն ու տվեցի թուրքերին: Որդիս գնաց պատերազմ՝ չեկավ, մենք էլ այդ ապրուստը թողել ենք ու մեր հագի շորով դուրս ենք եկել»,-ասաց Անուշ Պետրոսյանը, որի որդին զոհվել է Ջեբրայիլում: Նա քսան տարի առաջ տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Միջնավան գյուղից եւ այնտեղ զրոյից ապրուստ ստեղծել: Տիկին Անուշն էլ Արցախ վերադառնալ չի ուզում, ասում է՝ Երեւանից է գնացել Միջնավան, եթե կրկին իր Միջնավան գնալու տարբերակ լինի՝ հետ կգնա, բայց Արցախ՝ ոչ: Հիմա նա վարձով է ապրում. «Մինչեւ հիմա 68 հազար դրամներ էլ չենք ստացել: Տանտերը մեզ հյուրընկալելու համար 30 հազար դրամները չի ստացել: Տնից տուն տեղափոխվելով ի վիճակի չեմ, ինչքա՞ն փողոցներում մնամ: Ես դեռ իմ զոհված որդու գումարն էլ չեմ ստացել, անունը ցուցակում կա, երեւի շուտով կլինի»:

Տեղահանված մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ պատրաստվում է միջազգային դատարան դիմել. «Կառավարությանն էլ չեմ հավատում, ո՞ւր են օգնության գումարները, որ եկել են, բոլորը յուրացրել են: Հաղթած՝ պարտություն են դրել մեր ուսերին: Արցախի թոշակառուն ամսի 20-ից հետո է թոշակը ստանում, այն էլ մինչեւ տալիս են՝ պարտքեր ենք ունենում: Ասում են՝ 300 հազարները, բայց այսօր տեսեք դրամը որքան արժեզրկված է, խեղդեցին՝ վարկերը մարեցինք: Խոստումներ, որոշումներ, հերիք է այդ որոշումներով մեզ կերակրեք: Թող կոնկրետ ժամկետ ասեն՝ ձայններս կտրենք՝ սպասենք, բայց էսօր-վաղն են անում»:

Տեղահանված բնակիչները վրդովված էին, որ անգամ ժամանակ չեն տվել իրենց իրերը, կահույքն ու տեխնիկան հանեն. «Բոլորին խաբում են՝ թե վարչակազմը թե՛ Հայաստանի ղեկավարությունը թե՛ Արայիկ Հարությունյանը. «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոստիկանի «պոստը» Զանգելանում դրեցին, ճանապարհը փակեցին, որ ժողովուրդն իր ունեցվածքը չհանի: Նույնիսկ չթողեցին տեխնիկան հանենք»:

Նրանց բողոքը լսելու դուրս եկավ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Ցույցի մասնակիցների պահանջին, թե հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ, Նաիրի Սարգսյանն ասաց, որ վարչապետը Ազգային ժողովում է եւ նրանց կընդունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղահանված բնակիչներն ի պատասխան ասացին՝ մենք քնապարկերով եկել ենք, այսօր այստեղ ենք մնալու. «Մհեր Գրիգորյանի հետ բազմիցս հանդիպել ենք: Չենք ուզում»:

Նաիրի Սարգսյանն ասաց, որ, եթե Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը չբավարարի, վարչապետի հետ հանդիպում կկազմակերպեն:

Հինգ բնակիչներից կազմված խումբը բարձրացավ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31