Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորգի գույներն ասում են, որ ամենամութ գիշերներից հետո լույս է բացվում». JAMnews

Մայիս 03,2021 14:04

JAMnews. Շուշիի գորգերի թանգարանի հարյուրից ավելի նմուշներն արդեն քանի ամիս ապաստանել են Երևանում։ Դրանք ցուցադրվում են Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում։ Ամեն գորգ մի պատմություն է պատմում՝ յուրօրինակ նախշի ու թաքնված իմաստների միջոցով։ Ու ամեն գորգ իր սեփական պատմությունն ունի։

44–օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքը միշտ համարվել է Արցախի մշակութային կենտրոնը։ Վերջին տասնամյակներում այստեղ 5 թանգարաններում և մի շարք այլ ցուցասրահներում արվեստի հազարավոր նմուշներ էին ցուցադրվում։ Բայց Շուշիի գորգերի թանգարանը միակն է, որ պատերազմի ընթացքում կարողացել է տարհանել իր նմուշների գոնե մի մասը։

Թամանյանի անվան թանգարանի աշխատակիցները հպարտությամբ են ասում՝ աշխարհի ոչ մի այլ ցուցասրահում յուրաքանչյուր այցելուի հետ անգամ շարքային աշխատակիցները չեն շրջի, չեն պատմի։ Իսկ այստեղ դա անում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը՝ յուրաքանչյուր այցելուի համար, առանց հոգնելու ու տրտնջալու։

«Գորգերն, իհարկե, շատ գեղեցիկ են, բայց ինձ համար շատ կարևոր է, որ այստեղ մտնող յուրաքանչյուր մարդ ոչ միայն տեսնի դրանց գեղեցկությունը, այլև ծանոթանա իմաստին ու բովանդակությանը, որ ամփոփված են այս գորգերի մեջ։ Սրանք Արցախի, մեր պատմության ձեռագործ մատյաններն են։ Մենք հայրենիք ենք կորցրել, և ես ուզում եմ, որ այս պատմությունները մնան մեզ հետ, որպեսզի մշակույթն ու հիշողությունն էլ չկորցնենք», — ասում է նա։

Մշակութային ժառանգությունը փրկելու համար երիտասարդ տարիքից նա որոշեց ինքը շրջել գյուղից գյուղ, գտնել դրա փշուրներն ու հավաքել մեկ հարկի տակ։ Տարիներ տևած այս որոնումները գրեթե 20 տարի հետո ամփոփվեցին Շուշիի գորգերի թանգարանում։

«Ընդհանուր առմամբ թանգարանում շուրջ 300 գորգ ունեինք։ Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 31–ին, մեծ դժվարությամբ կարողացա տարհանել գորգերի մի մասը՝ շուրջ 150 հատ։ Այդ ժամանակ չգիտեինք, որ Շուշին կընկնի, բայց ես արդեն կանխազգում էի սպասվող աղետը ու որոշեցի փրկել այն, ինչ կարող եմ։ Թանգարանի մուտքի մոտ երկու զինվոր էին կանգնած, օգնեցին դուրս բերել գորգերը։ Գորգերը դուրս եկան Շուշիից, զինվորները՝ չէ», — հիշում է Ասծատրյանը։

«Հայկական և մասնավորապես Արցախյան գորգերի մեջ շատ է սիմվոլիզմը, առասպելական պատումները։ Օրինակ՝ մեղվի զարդանախշով շատ գորգեր կան, որտեղ մեղուն Մայր Աստվածուհու սիմվոլն է և խորհրդանշում է հայկական ընտանիքներում մոր պաշտանմունքը, նրա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը», — պատմում է Վարդան Ասծատրյանը։

Արցախյան գորգերը ոչ միայն առասպելական նշանակություն ունեն, այլև խիստ կենցաղային․ դրանցով ընտանիքներն իրենց նորապսակ աղջիկների օժիտն են կապել, «աղաքսակներում» պահել հայկական ընտանիքներում սրբություն համարվող աղը, իսկ ճամփորդելիս անհրաժեշտ իրերը տեղավորել զարդանախշ խուրջիններում։

Թանգարանում շատ են հանդիպում նաև երկու կտորից բաղկացած գորգերը։ Ակնհայտ է, որ մի ժամանակ ամբողջական գորգը կիսվել է և միայն թանգարանում կրկին ամբողջացել։ Ասծատրյանը բացատրում է․«Այս գորգերը, որպես կանոն, ընտանիքներում նախատեսված են եղել օժիտի համար։ Սոցիալական պայմաններից ելնելով՝ ընտանիքը, հաճախ, մեծ գորգերը կտրել և օժիտ է տվել մի քանի աղջիկների։ Հենց այդ պատճառով գորգերը հիմնականում ժառանգվել են հենց աղջիկների միջոցով»։

«Մի գորգ ունենք, որը շատերի նման կիսված է։ Մի կտորը գտնելուց հետո ընտանիքից հետաքրքրվեցի, թե որտեղ է մյուսը։ Ասացին՝ մեծ տատի քրոջ տանն է, կողքի գյուղում։ Գնացի մյուս կտորի հետևից։ Պարզվեց՝ մեկ օր առաջ Երևանից եկել են, գնել գորգը։ Մյուս կեսը փնտրեցի տարուց ավելի։ Պարզվեց՝ գորգը վաճառել են Շվեդիայում ապրող մի կոլեկցիոների։ Համոզեցի, որ գինն ասեն ու ավելին վճարեցի, միայն թե այդ կեսն էլ գնեմ։ Այդպես, մեկ տարի հետո գորգի երկու կեսերը գտան իրար», — պատմում է թանգարանը ստեղծողը։

Նաև գաղտնիք է բացում՝ հայ վարպետների գործած բոլոր գորգերի վրա խաչեր կան, անգամ, եթե առաջին հայացքից դրանք չեն նկատվում։ Ուշադիր զննելիս հաստատ կտեսնեք թաքնված խաչը։

Երևանյան թանգարանում գորգերի այս յուրօրինակ ցուցադրությունը կտևի այնքան, քանի դեռ այցելողներ կան, սակայն դրանց վերջնական հանգրվանը Վարդան Ասծատրյանը միայն Շուշին է համարում․ «Ես Շուշի վերադառնալու հույս չունեմ, ես Շուշի վերադառնալու նպատակ ունեմ»։

Ցուցադրության վերջում էլ նա ներկայացնում է աստղազարդ գորգը և բացատրում․ «Դրա գույներն ասում են, որ ամենամութ գիշերներից հետո լույս է բացվում»։

Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31