«Համացանցը բացեցի ու հասկացա, որ ինձ բոլոր հնարավոր ցուցակներում եւ գործարքներում տեղավորել են։ Որպես «Ժողովուրդ» օրաթերթի սեփականատեր եւ հիմնադիր՝ մշտապես նման առաջարկներ ստանում եմ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե պատրաստվում է վաճառել իր հիմնադրած «Ժողովուրդ» օրաթերթը՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Հերթական առաջարկի դիտարկումն է եղել, զարմանում եմ, որ նման աղմուկ բարձրացավ, եւ առաջարկը քննարկման փուլում է։ Որեւէ հավանականություն չկա, որ այն կբավարարվի, որովհետեւ կան շահեր, որոնք պետք է համադրվեն, ոչ թե հակադրվեն միմյանց։ Դեռ որոշում չկա»,-նշեց Թագուհի Թովմասյանը։
Ինչ վերաբերում է սպասվող ընտրություններում որեւէ քաղաքական ուժի ցուցակով առաջադրվելուն, Թագուհի Թովմասյանը նկատեց՝ ԶԼՄ-ներից մեկը գրել էր, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի ցուցակի երրորդ համարն է լինելու․ «Հարգելիներս, եթե մի բան է պետք ճշտել, զանգեք ճշտեք։ Ես չեմ հաստատել։ Ես բոլորից էլ առաջարկներ ունեմ։ Մի շարք հարցեր ունեմ երկրի անվտանգության եւ ապագայի հետ կապված, որոնց պատասխանները պետք է ստանամ առաջարկ հղողներից, որպեսզի հասկանամ, թե ում հետ եմ իմ ապագան կապելու։ Պարտադիր չի, որ ես ընտրությունների գնամ։ Գուցե քաղաքական «թայմ աութ» եմ վերցնում։ Ես որեւէ առաջարկի մասին չեմ բարձրաձայնի, էթիկապես ճիշտ չէ։ Բոլորից էլ ստացել եմ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ