Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ու Արցախի իշխանություններն այսօր կոնսեսուս են ձևավորել առ այն, որ Հայաստանի համար Արցախի թեման փակ է, իսկ Հայաստանի՝ «ձեռքեր լվանալը»՝ օրինաչափություն. Տիգրան Աբրահամյան

Մայիս 03,2021 12:54

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի ԱԺ նախագահը նախօրեին արձագանքել է Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավարի՝ թվիթերյան էջում կատարած գրառմանը, որում վերջինս նշել էր, որ հունիսին Ստեփանակերտն անցնելու է զորքերի վերահսկողության տակ:
Նպատակ չունեմ անդրադառնալու ադրբեջանական ՀԿ-ին խորհրդարանի նախագահի մակարդակով արձագանքելուն կամ երեկվանից քննարկվող «ուղղահայացի» մասին թեմային: Ինձ այս հայտարարության մեջ այլ բան է մտահոգում:

Արթուր Թովմասյանն իր հայտարարությունում ընդգծում է՝ «այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են»։

Հայաստանի ու Արցախի իշխանություններն այսօր կոնսեսուս են ձևավորել առ այն, որ Հայաստանի համար Արցախի թեման փակ է, իսկ Հայաստանի՝ «ձեռքեր լվանալը»՝ օրինաչափություն:

Արցախն արձանագրում է առկա տխուր իրականությունը:

Զուտ մարդկային առումով պարոն Թովմասյանին լավ եմ հասկանում՝ այս ձևակերպումը պատահական չի արվել և արդյունք է Հայաստանի ու Արցախի իշխանությունների վերջին շրջանի երկխոսության և դրանից բխող հետևանքների:

Չեմ էլ կարծում, որ Արցախում գտնվի մի մարդ, ով Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունից հրաժարվելը նորմալ կամ բնական կդիտարկի:

Այլ բան է, որ Հայաստանի գործող իշխանությունները ինչպես այս, այնպես էլ՝ մեր ժողովրդի համար օրակարգային համարվող այլ հարցերից վաղուց հրաժարվել են:

ԱԺ նախագահի այս հայտարարության մեջ նույնիսկ ներքին ցավ եմ տեսնում, որն արձանագրում է, որ Հայաստանն այս գործընթացում այլևս չկա, իսկ Արցախին մենակ է թողել, ինչը 2020-ի ողբերգության հաջորդ փուլի ամրագրումն է:

Այնուհանդերձ, ի հեճուկս Հայաստանի կամ երրորդ երկրների տարբեր ուժերի, չեմ կարող չարձանագրել, որ անկախ Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, Հայաստանում ու Սփյուռքում կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրենց համարում են Արցախի անմնացորդ մասնիկը, պատասխանատվություն են կրում Արցախի վաղվա օրվա համար:

Ըստ այդմ՝ որքան էլ այսօրվա, վաղվա կամ մյուս օրվա կառավարությունները հրաժարվեն Արցախի անվտանգության ապահովման իրենց պատմական դերակատարությունից, միշտ էլ մեր հանրության մեջ կգտնվեն անհատներ, խմբեր, ուժեր, ովքեր արտաքին սպառնալիքի դեպքում կլինեն Արցախում և իրենց դերակատարությունը կունենան Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների պաշտպանության ապահովման գործում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31