Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Հայաստանն ունի ազատ մամուլ, որի անկախությունը, սակայն, վտանգված է առավել, քան երբևէ»

Մայիս 03,2021 12:36

Մայիսի 3-ը նշվում է՝ որպես Մամուլի ազատության համաշխարհային օր։

Հայաստանում անկախ լրատվամիջոցների ու ազատ մամուլի ինստիտուտի կայացման ճանապարհը եղել է բարդ ու հակասական, ուղեկցվել է մամուլի դեմ ամենատարբեր ոտնձգություններով։ Այդուհանդերձ, անկախ բոլոր թերություններից ու դժվարություններից, այսօր Հայաստանն ունի ազատ մամուլ, որի անկախությունը, սակայն, վտանգված է առավել, քան երբևէ։

Մամուլը՝ որպես չորրորդ իշխանություն, կայացած ժողովրդավարություններում կատարում է իշխանությանը վերահսկողի ու հակակշռողի կարևորագույն գործառույթ։ Այդպիսի դեր ունի նաև հայկական մամուլը, ինչը, սակայն, գործող իշխանությունների կողմից ընկալվում է ոչ թե՝ որպես ժողովրդավարության անհրաժեշտ ու կարևոր բաղադրիչ, այլ՝ որպես սեփական իշխանությանն ուղղված մարտահրավեր։ Դրանով է պայմանավորված ազատ մամուլի դեմ իշխանությունների անհանդուրժողականությունը, լրատվամիջոցները յուրայինների և օտարների տարանջատելու անթույլատրելի գործելաոճը։

Ի պատիվ հայկական մամուլի ներկայացուցիչների, ազատ խոսքի դեմ ուղղված ոտնձգություններն իրենց նպատակին չեն հասնում, և իրեն ուղղված հարվածներից մամուլը ոչ թե թուլանում, այլ ավելի ուժեղ է դառնում։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է բոլոր լրագրողներին, լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անխոչընդոտ աշխատանք և ստեղծագործական հաջողություններ։

Ժուռնալիստների միությունը հանձնառու է բոլոր լրատվամիջոցների ու լրագրողների շահերի պաշտպանության իր առաքելությանը և այսուհետ ևս անելու է առավելագույնը՝ լրագրողների իրավունքների պաշտպանության և ազատ մամուլի կայացման նպատակով։

Շնորհավոր Մամուլի ազատության համաշխարհային օրը։

Հայաստանի Ժուռնալիստների միություն

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորանքը մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:

Ազատ մամուլ ունենալն իսկապես կարևորագույն ձեռքբերում է և, իհարկե, ժողովրդավարության ցուցիչ։

Լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, իսկ կարծրատիպերը պետք է կոտրել պրոֆեսիոնալ աշխատանքով։

Ազատ մամուլի դերը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ կերպ պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման հարցում։

Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, Ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը։

Մեծ է ձեր դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում:

Մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում միայն ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը կարող է կարևոր առաքելություն ունենալ խնդիրները հաղթահարելու գործում։

Տիգրան Ավինյանի շնորհավորանքը

Շնորհավորում եմ Մամուլի ազատության օրվա առթիվ։

Չորրորդ իշխանության առաջնային սկզբունքը, իմ կարծիքով, ընթերցողին ճշգրիտ, հավաստի ու որակյալ տեղեկատվություն հասցնելն է` կամուրջի դեր ստանձնելով հասարակության և իշխանության երեք ճյուղերի միջև։ Ներկայիս պայմաններում այդ պատասխանատվությունն անհամեմատ մեծ է, ուստի միասնաբար պետք է թույլ չտանք տեղեկատվական դաշտում բացասական միտումների խորացումը և մեր գործողություններով երաշխավորենք ազատ ու անկախ մամուլի` որպես հանրային ինստիտուտի կայացումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31