Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ եմ Աստծուց, որ ողջ եմ». Սեյրան Սողոյան

Մայիս 03,2021 12:00

Ժամկետային զինծառայող Սեյրան Սողոյանը երրորդ արցախյան պատերազմի մասնակից է: Մարտական թրծումը ստացել է Ջաբրայիլի համար կռվում, եղել է վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու, օպերատոր: Հոկտեմբերի հինգին  վիրավորում է ստացել եւ տեղափոխվել Երեւան: Արդեն բուժում ստացած մարտիկը ահա  այսպես է վերհիշում այդ դաժան օրերը:

«Մեր ելման բնագծերը գտնվում էին Ջաբրայիլում: Հոկտեմբերի չորսը ինձ համար ամենադաժան գիշերն էր: Շատ մութ էր, ոչինչ չէր երեւում: Այդ օրը կապիտաններ Ղազարյանի եւ Պետրոսյանի գլխավորությամբ մենք սկսեցինք տանկային կռիվ: Հակառակորդը տասնյակ տանկերով առաջ էր գալիս, բայց մենք պայքարում էինք: Հատկանշականն ու ոգեւորողն այն էր, որ ամեն տանկ խփելուց կապիտան Ղազարյանը կապի միջոցով անընդհատ ոգեւորում էր, ասելով՝ ապրեք տղերքս, ու էլի շատ ոգեւորիչ խոսքեր: Կապիտան Ղազարյանի խոսքերից ավելի ոգեւորվում ու առաջ էինք գնում,  թեեւ թշնամու տանկերը գնալով ավելի ու ավելի էին շատանում»,- պատմում է նա:

Որոշ ժամանակ անց պահի անհրաժեշտությամբ Սեյրանը ստանձնում է տանկի անձնակազմի հրամանատարությունը ու նրա հրամանատարությամբ Անդրանիկ Մարգարյանը եւ Սամվել Մաթեւոսյանը թշնամու հինգ տանկ են ոչնչացնում: Այդ օրը  նրանց հաջողվում է թշնամու առաջխաղացումը կանխել: Սա առաջին օրվա կռիվն էր, թեեւ հետո ստանում են նահանջի հրաման:

«Հաջորդ օրը վաղ առավոտյան առաջին հրետանային զարկով սկսվեց կռիվը: Հակառակորդը տարբեր ուղղություններով, տարբեր տեսակի զենքերով կրակում էր ու մարտադաշտից ողջ դուրս գալն անհնար մի բան էր,- շարունակում է Սեյրանը իր  խոսքը եւ հավելում,- մինչեւ վերջ պայքարել ենք, ոչ մեկս չենք մտածել մեկ քայլ ետ գնալու մասին: Ցավոք, մեր կողմի ուժերը գնալով քչանում էին»:

Կռվի ընթացքում հերոսը նկատում է, որ ընկերներից երկուսը վիրավոր են եւ օգնության կարիք կա. «Հասցրեցի օգնել: Մեկին մի ձեռքիս տակ առա, մյուսին՝ մյուս ձեռքիս տակ, մի կերպ քաշելով դուրս հանեցի կռվի դաշտից»:

Հետո Սեյրանը նրանց է փոխանցում իր հոր հեռախոսահամարը եւ խնդրում է, որ տեղ հասնելուն պես զանգահարեն եւ հայտնեն, որ շատ է սիրում իր ընտանիքը:

«Մտածում էի՝ ողջ դուրս չեմ գա»,- նշում է նա՝ մտաբերելով ընկերների պատասխանը: Ընկերը հարվածում է ուսին եւ ասում՝ չեմ ասի, դու կվերադառնաս եւ ինքդ կասես:

Ընկերներին ճանապարհելուց հետո զինվորը նկատում է, որ հակառակորդի   առաջխաղացում կա ու հրամանատարին առաջարկում է տանկերով հակագրոհ սկսել: Հրամանատարը մերժում է նրան՝ ի նկատի ունենալով հակառակորդի հակատանկային միջոցների առկայությունը: Սակայն անսալով վտանգը՝ քաջարի մարտիկը փորձ է անում իրականացնել մտածածը եւ երբ բարձրանոմ է տանկի վրա, վիրավորվում է:

«Տանկը հակառակորդի նշանառության տակ էր, հենց բարձրացա, անմիջապես վիրավորվեցի: Ջգացի, որ ոտքերս թուլացան եւ կորցրեցի զգացողությունս»,- հիշում է նա:

Տղային դուրս են հանում կրակի տակ հայտնված տանկից: Հետո հիշում է, որ բժիշկն ասում է՝ ուշ է: Նրան տարեք զոհվածների մոտ: Վիրավոր, արնաքամ Սեյրանը հավաքելով վերջին ճիգերը՝ գոռում է՝ ես ողջ եմ:

Ի դեպ, մեզ հետ զրույցի ավարտին Սեյրանն անկեղծացավ եւ ասաց, որ ինքը բժշկին չի մեղադրում, լիովին հասկանում է նրան, այդ պահին իր վիճակը շատ ծանր էր: Մինչ իրենով կհետաքրքրվեր, չէր հասցնի մյուսների կյանքերը փրկել, ովքեր այսօր կան ի շնորհիվ նրա:

Սիլվա ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել