Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկալի կլիներ տեսնել Իրանի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ հայ գերիների ազատման հարցում. ՀՀ դեսպան

Մայիս 03,2021 11:50

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հարցազրույցը՝ ISNA լրատվական գործակալությանը

🔹️Ինչպես հայտնի է, Արցախի շուրջ ռազմական գործողությունները տևեցին վեց շաբաթ, որից հետո Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց զինադադարի վերաբերյալ համաձայնություն: Ո՞րն է Ձեր գնահատականն այս իրադարձության կապակցությամբ:

Զինադադարով կասեցվեց Թուրքիայի աջակցությամբ, այդ թվում վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որը Հայաստանին և հայ ժողովրդին պատճառեց մեծագույն կորուստներ, ունեցանք հազարավոր նահատակներ: Դժվար է այս ողբերգական իրադարձություններին միանշանակ և պարզունակ գնահատական տալ: Մի բան ակնհայտ է՝ Թուրքիայի անմիջական և լայնածավալ ներգրավումը պատերազմական գործողություններին նպատակաուղղված էր տարածաշրջանում նրա ծավալապաշտական քաղաքականության իրականացմանը:

Այս ամենից հետո մի բան միանշանակ է՝ ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և նախևառաջ տարածաշրջանի երկրների համար:

🔹️Զինադադարից հետո ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնաթողության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջների: Այսօր արդեն սկսվել է արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը, և այդ պատճառով վարչապետ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Ձեր կարծիքով ստեղծված պայմաններում ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը:

Բնական է, որ Արցախյան վերջին պատերազմի արհավիրքները լրջորեն ազդել են Հայաստանում հանրային տրամադրությունների վրա: Անհրաժեշտ է կայունացնել ներքաղաքական իրավիճակը, և այդ նպատակով է, որ ՀՀ վարչապետը նախաձեռնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների միջոցով նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումը, որոնց գործունեությունը պետք է միտված լինի խաղաղության ու անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: Ներկա մարտահրավերների հաղթահարումը մեծ քննություն է մեր ժողովրդի և պետության համար, որը պարտավոր ենք պատվով հանձնել՝ հանուն մեր նահատակների և ներկա ու ապագա սերունդների:

🔹️Արդյո՞ք ՀՀ կառավարությունը դեռ շարունակում է ճգնաժամի հաղթահարման նպատակով կողմ լինել Մինսկի խմբի հետագա գործունեությանը, թե՞ այն համոզմունքին է, որ տարածաշրջանային երկրներն այդ հարցում կարող են առավել արդյունավետ դերակատարում ունենալ:

Ըստ հայկական կողմի՝ հակամարտության վերջնական և համապարփակ լուծման համար միջազգային մանդատ ունեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք բանակցային գործընթացի շրջանակներում հանդես են եկել հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առաջարկությամբ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների դերակատարությանը, ապա նրանք իրենց հավասարակշռված դիրքորոշմամբ կարող են ձևավորել հակամարտության կարգավորմանն ուղղված բարենպաստ միջավայր:

🔹️Ո՞րն է Ձեր տեսակետը ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված ԻԻՀ առաջարկության կապակցությամբ: Արդյո՞ք Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկիր, կարող է հակամարտության կարգավորման հարցում ունենալ դրական դերակատարում:

Կուզենայի հատուկ ընդգծել Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն սպառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով: Դա վերաբերում է երկու երկրների ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով): Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է մեր երկու երկրների ազգային անվտանգությանը: Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում: Ուստի անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը:

Հենց այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Մասնավորապես, մենք կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազդեցությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Միաժամանակ կարևոր է ներկա պայմաններում մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրիչները, որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը:

Հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս-հարավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը: Անշուշտ, վերը նշված ոլորտներում անցած տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև համագործակցության հաջողված օրինակները բազմաթիվ են, սակայն ստեղծված տարածաշրջանային նոր իրավիճակը մեր առջև առավել ակտիվ փոխգործակցության պահանջներ է դնում:

🔹️Գիտեք, որ Արցախի շուրջ ռազմական գործողություններից հետո, ըստ որոշ ԶԼՄ-ների, տարածաշրջանում մնացել են ահաբեկչական խմբավորումներ: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը կողմ է այդ խմբավորումների դեմ պայքարի նպատակով համագործակցել տարածաշրջանային երկրների, այդ թվում Իրանի հետ:

Արցախյան վերջին պատերազմին առնչվող ամենադատապարտելի իրողություններից մեկը Թուրքիայի կողմից Սիրիայում և Լիբիայում գործող ծայրահեղական խմբավորումներից վարձկան ահաբեկիչների հավաքագրումը և փոխադրումն էր տարածաշրջան: Այդ ահաբեկիչներն արդեն իսկ հայտնի էին Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների դեմ գործած վայրագություններով: Նրանք պատերազմական հանցագործություններ են կատարել նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ: Ներկայումս, ըստ տարբեր տեղեկատվական աղբյուրների, Ադրբեջանը և Թուրքիան փորձում են նրանց բնակեցնել Արցախի տարածքում և էթնիկ զտման ենթարկված շրջաններում: Հայաստանը մշտապես դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և պատրաստ է համագործակցել այդ սպառնալիքի չեզոքացման և իսպառ վերացման ուղղությամբ:

🔹️Վերջերս Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնության դեպքում պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը համաձայն է դրան:

Ադրբեջանական կողմը հանդես է գալիս իրարամերժ հայտարարություններով: Մի կողմից նշվում է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, մյուս կողմից մերժվում է խաղաղ գործընթացի վերսկսումը: Խաղաղության պայմանագիրը նպատակ է, որին կարելի է հասնել միմիայն խաղաղ գործընթացի շնորհիվ: Ուստի ներկայումս անհրաժեշտ է խոսել ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ խաղաղ գործընթացի վերսկսման մասին:

🔹️Որքա՞ն առաջընթաց է ունեցել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը, հատկապես՝ ԵԱՏՄ հետ հարաբերությունների համատեքստում:

Այս հարցի կապակցությամբ կարծում եմ՝ նպատակահարմար կլինի առանձին հարցազրույց ունենալ և ներկայացնել ինչպես կատարված աշխատանքը, այնպես էլ առաջիկա անելիքները: Ընդունված է ասել, որ Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունները զարգացման մեծ հնարավորություններ ունեն, և դա իրոք այդպես է: Անցած տարիների ընթացքում երկու երկրների տարեկան առևտրային շրջանառությունը կազմել է մի քանի հարյուր միլիոն դոլար: Ընդ որում, դրա մեծ մասը կազմել է իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան, իսկ հակառակ հոսքը եղել է չափազանց փոքր չափերի: Պատճառները հայտնի են: Դրանք կապված են ինչպես երկու կողմերի տնտեսական կարողությունների, այնպես էլ գործող առևտրային ռեժիմների և մի շարք սահմանափակումների հետ (բարձր մաքսատուրքեր, ներմուծման և արտահանման արգելքներ և այլն):

Թեև շատ մեծ գործ է կատարված երկու երկրների տնտեսավարողների փոխադարձ իրազեկվածության ուղղությամբ (բազմաթիվ հանդիպումներ, ցուցահանդեսներ, գործարար համաժողովներ, օրենսդրության, գործարար միջավայրի և տնտեսական բնույթի այլ տեղեկությունների սիստեմատիկ փոխանակումներ և այլն), սակայն անելիքներ դեռևս շատ կան:

Անշուշտ, առկա բարենպաստ գործոնների թվին պետք է դասել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը, ԵՄ և մի շարք երկրների հետ առևտրային որոշակի արտոնությունները, ինչպես նաև Իրանի՝ ԵԱՏՄ հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ընդունումը (2019 թ.), անշուշտ նաև Իրանի զգալի տնտեսական ներուժը:

Ի դեպ, իրանական ապրանքների արտահանման տեսանկյունից տարածաշրջանային երկրների շարքում (Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան և այլն) ընդամենը շուրջ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը գտնվում է առաջին տեղում (Հայաստանի բնակչության մեկ շնչին հասնող իրանական ապրանքների ներմուծման ծավալով): Դա նշանակում է, որ իրանցի տնտեսավարողների համար Հայաստանի գործարար միջավայրը բարենպաստ է:

Կասկածից վեր է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկարներ ունեն, և այս իմաստով էական ազդեցություն կարող են ունենալ տրանսպորտային հաղորդակցության (երկաթգիծ, ավտոճանապարհ) ոլորտում սպասվող զարգացումները:

Այսպիսով, կարելի է հույս հայտնել, որ առաջիկա տարիները մեր երկու երկրների համար կլինեն հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման ժամանակաշրջան՝ ի շահ մեր ժողովուրդների և ողջ տարածաշրջանի:

Իրանում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31